Մատչելիության հղումներ

Համերաշխության այլընտրանքը քաղաքացիական պատերազմը կարող է լինել․ Գևորգ Գորգիսյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Գևորգ Գորգիսյան

««Լուսավոր Հայաստանն» ասում է՝ համախմբված և համերաշխությամբ մենք կարող ենք միայն հաղթահարել այսօրվա խնդիրները», - նախընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթվա մեկնարկին մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հայտարարեց կուսակցության ղեկավար անդամ Գևորգ Գորգիսյանը։

Լրագրողների հետ զրույցում նա խոսեց իրենց ծրագրային կետերից․ - «Մենք կարևոր ենք համարում նախնական զինվորական պատրաստությունը դպրոցական ծրագրում, որին հատուկ ուշադրություն ենք դարձրել, հատուկ շեշտ ենք դրել։ Եվ դա պատկերացնում ենք իրականացնել հետևյալ կերպ․ բացի սովորական դասարանային դասընթացներից, նաև ամառային և ձմեռային ճամբարումներով։ Հայաստանի տարբեր մասերում իրականացնել ճամբարումներ, որտեղ երեխաները և՛ կճանաչեն, կծանոթանան մեր հայրենիքին, և՛ սրան զուգահեռ կանցնեն արդեն իսկ զինվորական գործ՝ ռազմավարություն, մարտավարություն, տարբեր զինատեխնիկաներ, 21-րդ դարի տենդենցները դեպի ուր է գնում։ Նախատեսում ենք ակտիվ պահեստազորի գաղափարը ներդնել, որը կայանում է հետևյալում․ բոլոր զորացրված անձինք հնարավորություն կունենան կամավորության սկզբունքով զինվորագրվել ակտիվ պահեստազորին, հետևաբար ավելի ակտիվ ու ավելի ինտենսիվ մասնակցել ռազմական հավաքներին, վերապատրաստումներին և պատերազմի դեպքում, մարտական գործողությունների դեպքում նրանք առաջնային կզորակոչվեն՝ արդեն լինելով պատրաստ, իմանալով, թե որտեղ են կցված, ուր են գնում»։

Համախմբման, միասնականության և համերաշխության կոչերով հանդես եկող ԼՀԿ-ն շարունակում է պնդել՝ համերաշխության այլընտրանքը քաղաքացիական պատերազմը կարող է լինել․ - «Մի օր այդ լարվածությունը, այդ ատելության մթնոլորտը պայթելու է, և այդ պայթյունից տուժելու են հասարակ քաղաքացիները»։

Կուսակցության պատգամավոր մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Խաժակյանը նշեց․ - «Մենք առաջարկում ենք ընտրություններից հետո ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որը կներառի բոլոր կարող ուժերին, այն մարդկանց, ովքեր իրենց ունեցած մասնագիտական կարողություններով կկարողանան լուծել իրենց ոլորտում եղած խնդիրները։ Հունիսի 20-ը այն օրն է, երբ մենք կարող ենք հաղթահարել եղած ճգնաժամը և չստեղծել նոր ճգնաժամեր»։

Թեև հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունների քարոզարշավի երկրորդ շաբաթն է արդեն, սակայն քաղաքացիները «Ազատության» հետ զրույցներում ասում էր, թե քաղաքական ուժերից բովանդակային խոսք գրեթե չեն լսում, մինչդեռ միմյանց փնովելու, ատելության մթնոլորտը դեռևս շարունակվում է։

«Ինձ չի հետաքրքրում՝ դիմացինը ՀԺՇ ա, ՊՊՇ ա, թե ՄՄՇ ա, ինձ պետք ա մարդ, որ էս վիճակից հանի։ Հանելուց հետո, թող ժողովուրդը հավաքվի, էդ մարդուն փոխի», - ասում է միջին տարիքի մի տղամարդ։

Մեկ այլ երևանցի հավելեց․ - «Ես ուղղակի չեմ տեսնում, թե ինչ ա լինելու Ղարաբաղի կարգավիճակը, մեկ։ Ով ինչ ծրագրեր ունի անվտանգության համար, ճանապարհների համար, անկլավների համար ի՞նչ ա լինելու»։

Նախընտրական մթնոլորտը շարունակում մտահոգիչ համարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ քննադատելով քաղաքական ուժերի կողմից վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարի օգտագործումը։

«Ի վերջո, ակնհայտ է, որ եթե մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվի հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգի զարգացումը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկեն, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ», - ընդգծել է Արման Թաթոյանը։

XS
SM
MD
LG