Մատչելիության հղումներ

Թաթոյանի համոզմամբ՝ Ադրբեջանի զինուժը Հայաստանի գյուղերի մերձակայքից և ճանապարհներից հեռացնելու համար պետք է դիմել ՄԻԵԴ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզի սահմանագոտում,․ արխիվ

Օմբուդսմեն Արման Թաթոյանի համոզմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Մասնավորապես, ընդգծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

«1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված, և այլն»:

Նույնը, ըստ օմբուդսմենի, վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

«Մենք ՀՀ կառավարությանը կտրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը», - խոստանում է Արման Թաթոյանը։

XS
SM
MD
LG