Մատչելիության հղումներ

Թող ժողովրդի համբերությունը չչափեն, նյարդերի հետ չխաղան. Արարատ Միրզոյան


Ինչի՞ են խոսում հետընտրականից, որովհետև իրենց համար քիչ թե շատ ակնհայտ է՝ ժողովրդի դիրքորոշումն ինչպիսին է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք հետընտրական զարգացումների հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում, ընդհուպ քաղաքացիական պատերազմի վտանգի մասին է խոսվում: Ես, օրինակ, առաջին նախագահին կարող եմ վկայաբերել, Էդմոն Մարուքյանին:

Արարատ Միրզոյան. - Այս ողջ ընտրարշավի, ընտրապայքարի ընթացքում կան բազմաթիվ ուժեր, որոնք քննադատում են կամ իրենց տեսլականն են առաջարկում և ըստ այդմ տեղավորվում են նորմալ, այո, միմյանց նկատմամբ խիստ, բայց նորմալ քարոզարշավի շրջանակներում: Եվ կան մեկ, երկու, երեք ուժեր, հայտնի բոլորիս ուժեր, որոնք որևէ բանի առաջ չեն կանգնում, որևէ գործիքից չեն խորշում, և ես կարող եմ մտածել տեսականորեն, որ այս մարդիկ կարող են չխորշել նաև երկիրը քաղաքացիական լարվածության, գուցե բախումի տանելու ճանապարհից: Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստանում մեկ անգամ արդեն ժողովուրդը հաստատել է, որ քաղաքացին է տերը այս երկրի, և քաղաքացու հավաքական կամքն է պարտադրում իրականություն: Ես ուզում եմ հավաստել, որ այս պահին և հիմա նույնպես այդպես պետք է լինի, միակ տարբերակը որոշելու, թե ումն է իշխանությունն այս երկրում, դա ընտրություններն են և այդտեղ քաղաքացիների որոշումն է:

Հիմա որքան էլ, որ չխորշեն, որքան էլ փորձեն տանել այլ ճանապարհներով, որքան էլ նաև հետընտրական ինչ-որ զարգացումներ փորձեն անել, իսկ ինչի՞ են խոսում հետընտրականից, որովհետև արդեն իսկ իրենց համար ակնհայտ է քիչ թե շատ, թե ժողովրդի համակրանքն ու դիրքորոշումն ինչպիսին է: Որքան էլ փորձել խուսափել դրանից, ես ուզում եմ ասել, որ պետությունն իր ինստիտուտներով ունի ողջ գործիքակազմը, որպեսզի ստիպի, որ ժողովրդի որոշումը լինի միակը և վերջնականը, և բոլորը գլուխները կախ, հլու-հնազանդ պիտի ենթարկվեն այդ որոշմանը, դա կլինի մեզ՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից հեռացնելու որոշում, թե կլինի որևէ այլ որոշում:

«Ազատություն». - Մյուս կողմից այդ լարումը մտցնելու գործում կարծես վարչապետն էլ անմասն չէ, ասենք, վենդետաների մասին խոսելը կարող է դրա վկայություն լինել, բայց ես կարող եմ հիշեցնել, որ հունիսի 21-ից սկսած «Քաղաքացիական պայմանագիրը» Ազատության հրապարակն ամրագրել է, Քոչարյանի դաշինքն էլ է հետընտրական հանրահավաքներ ծրագրել:

Արարատ Միրզոյան. - Նախ պիտի հաշվի առնեք, թե մինչև պատերազմը ինչպիսի կեղծիքներ ու ստեր, ուղղակի ակնհայտ ստեր էին տարածում մեր բոլորի մասին, ինչպիսի վիրավորական արտահայտություններով, պիտի հիշեք կրակի դադարեցման օրը, այդ հայտարարության օրը` զինված մարդիկ Երևանում պատրաստ այլ զարգացումների և իմ դեմ կատարված մահափորձը, օրինակ, Ազգային ժողովի և կառավարության շենքի խուժումը, պիտի հիշեք այս ողջ ընթացքը և հետո նոր ասեք՝ կարծում եմ, բայց ձեր կողմից էլ ինչ-որ սուր բաներ են լինում: Դա հնարավոր նվազագույնն է, որը պետք է ասել, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ այնուամենայնիվ կեղծիք է էն մնացածի ասածը, դա այն նվազագույնն է, որով հնարավոր է հակազդել այն վիրավորանքներին, որը առավոտից երեկո այդ ուժերի կողմից հնչեցվում են մեր մասին:

«Ազատություն». - Հրապարակն ամրագրելու մասով, պարոն Միրզոյան, դուք էլ եք հետընտրական զարգացումների պատրաստվո՞ւմ:

Արարատ Միրզոյան. - Այդ հետընտրական զարգացումը կարող է լինել ուղղակի ամփոփիչ ելույթներ ընտրարշավի մասին, ուղղակի կրկին ապագայի տեսլական ներկայացնելը, ի վերջո համակիրների հետ, եթե հաղթանակ է, հաղթանակը միասին ողջունելը, տարբեր կարող է լինել:

«Ազատություն». - Իսկ եթե ո՞չ:

Արարատ Միրզոյան. - Եթե ոչ, եթե լինեն այլ բաներ, չգիտեմ, կրկին ժողովրդի կամքից է ամեն ինչ կաշված, ես կրկնում եմ՝ ընտրությունը, քվեարկությունը ինքնին պետք է լինի ժողովրդի կամքի արտահայտությունը:

«Ազատություն». - Պարոն Միրզոյան, դիտարկվո՞ւմ է կոալիցիա, ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, կա՞ն այդպիսի ուժեր:

Արարատ Միրզոյան. - Ես չեմ կարող ասել, թե մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել այդ ուղղությամբ, մենք հավակնում ենք մեծամասնություն ստանալուն, մենք ժողովրդից քվե ենք խնդրում մեծամասնության համար, եթե կլինի ժողովրդի դիրքորոշումն այլ, այն ժամանակ այլ տեսակետ կհայտնենք:

«Ազատություն». - Եթե Սահմանադրական դատարանում վիճարկվեն ընտրությունները, համարո՞ւմ եք դա այն կառույցը, որն ունակ է արդար որոշում կայացնել: Ուզում եմ հիշեցնել Քոչարյանին արդարացնելը, մարդկանց համար դա արդար ընկալելի որոշո՞ւմ էր:

Արարատ Միրզոյան. - Ես չեմ կարող ասել մերօրյա իրականությունում որ պետական մարմինը կամ ավելի շատ պաշտոնյան իրեն ինչպես կդրսևորի, որովհետև մեր օրերում երբեմն աբսուրդային բաների ենք ականատես լինում: Մենք տեսնում ենք ծանր բանակցային փուլում, բանակցությունների առումով երբևէ այսպիսի ծանր փուլ չի եղել, տեսնում ենք իրենց վստահված պոստը լքող փոխնախարարների կամ նախարարի, չենք կարող երաշխիքներ տալ որևէ մեկի համար, որովհետև խառը օրեր են, ինչպես ինքներդ տեսնում եք, բայց ես կարող եմ ասել, որ թող ժողովրդի համբերությունը չչափեն և ժողովրդի ներվերը դադարեն ուտել, որովհետև եթե այդ նյարդերը տեղիք տան, ապա ես չգիտեմ որևէ գործիչ կա որևէ քաղաքական ուժ ինչքանով արդեն հնարավորություն կունենա զսպել կրքերը, թող ժողովրդի նյարդերի հետ չխաղան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG