Մատչելիության հղումներ

Մայր Աթոռից արձագանքում են Փաշինյանի հայտարարություններին


Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են «Հայ Առաքելական եկեղեցու հասցեին» Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին:

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։

Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Փաշինյանը ընտրարշավի շրջանակում հունիսի 12-ին Սևանում ելույթ ունենալով մասնավորապես հայտարարել էր, թե հոգևորականներն ամեն ինչ արել են, որ ձախողեն հեղափոխությունը։ «Մեզ ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ», - ասել էր վարչապետի պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG