Մատչելիության հղումներ

«Տպավորություն է, որ հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են նաև հետընտրական զարգացումներին»․ քաղաքական մեկնաբանները՝ քարոզարշավի մասին


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ՝ հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են ոչ միայն ընտրություններին, այլև հետընտրական զարգացումներին։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում Բաղդասարյանը դասական իմաստով սա նույնիսկ քարոզարշավ չի անվանում՝ ընդգծելով՝ «ծրագրեր, գաղափարախոսությամբ, չտեսանք, կամ շատ քիչ տեսանք»։

Քաղաքագետ Բենյամին Պողոսյանն էլ նշում է՝ հասարակությունը բավականաչափ բևեռացված է, քաղաքական ուժերն ամեն ինչ անում են այդ բևեռացումը խորացնելու և յուրաքանչյուրն իր ճամբարն ավելի համախմբելու շուրջ։

«Ազատություն»․ - Ընտրարշավն այսօր կիսվեց, փաստորեն, խնդրում եմ գնահատեք, ինչպիսին էր այն, արդյոք օգնեց ընտրողներին կողմնորոշվել։

Արմեն Բաղդասարյան․ - Ո՛չ, կարծում եմ, չհաջողվեց ընտրողներին կողմնորոշել, որովհետև կարծես ի սկզբանե նպատակը դա էլ չէր։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ավելի շատ հիմնական քաղաքական ուժերը՝ մրցակիցները, պատրաստվում են ոչ միայն հունիսի 20-ին, այլև հունիսի 21-ին, այսինքն՝ հետընտրական զարգացումներին, և հիմա ոչ այնքան փորձում են քննարկել, թե ով ավելի լավ կղեկավարի պետությունն, այլ ավելի շատ միմյանց ոչնչացնելու մասին է խոսքը, և ամեն մեկը փորձում է համոզել ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակությանը, որ ինքը լավագույնս կոչնչացնի այսօրվա իշխանություններին և հակառակը՝ էսօրվա իշխանությունները իրենց էդ բառապաշարով՝ շատ կոշտ, ուզում են ցույց տալ, թե պողպատե մանդատ ենք ստացել, մենք լավագույնս կոչնչացնենք անպայման սրանց։ Այսինքն՝ դասական իմաստով, սա քարոզարշավ ես նույնիսկ չէի անվանի, որովհետև հիմնական խնդիրը, թե ով, ինչ ծրագրով, ով, ինչ գաղափարախոսությամբ պիտի երկիրն առաջ տանի, ցավոք սրտի, չտեսանք, կամ շատ քիչ տեսանք։

Բենյամին Պողոսյան․ - Կարծում եմ՝ հասարակությունը բավականաչափ բևեռացված է և կարծես թե քաղաքական ուժերն ամեն ինչ անում են՝ այդ բևեռացումը խորացնելու և յուրաքանչյուրն իր ճամբարն ավելի համախմբելու շուրջ։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ մեսիջներն ուղղված չեն ողջ հասարակությանը։ Հիմնական քաղաքական ուժերը հասկանում են, որ ովքեր իրենց ձայն չեն տալու, այսպես թե այնպես ձայն չեն տալու։ Հետևաբար նույնիսկ խնդիր չի դրված ծրագրեր ներկայացնելու և այլն, որովհետև քաղաքական ուժերը գտնում են, որ իրենք ունեն որոշակի հստակ զանգված, խնդիրն այդ հստակ զանգվածը հնարավորինս համախմբելն է և նրան ընտրատեղամասեր բերելը։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է։

«Ազատություն»․ - Դուք խոսեցիք, որ ծրագրերը չներկայացրեցին, չնայած այնպիսի իրավիճակ է, որ հենց, օրինակ, նույն անվտանգության հարցով պետք է բանավեճ լիներ, թե ով կկարողանա այս իրավիճակից լավագույնս հանել երկիրը, ով, ինչ է խոստանում, որպեսզի մարդիկ ընտրություն կարողանային անել, և փոխարենն այս յոթ օրերի ընթացում փոխադարձ վիրավորանքների պակաս չեղավ։ Ես, ճիշտն ասած, չեմ կարողանում մտաբերել այսպիսի լարված և փոխադարձ վիրավորանքներով լի ընտրապայքար։ Մարդիկ դա՞ են ուզում լսել, ծրագրեր չեն ուզո՞ւմ։

Արմեն Բաղդասարյան․ - Ծրագրերն այս պահին որևէ մեկին չեն հետաքրքրում, ցավոք սրտի։ Էսպիսի վիճակ չի էլ եղել Հայաստանում երբևէ, նկատի ունեմ անվտանգային խնդիրները նաև, Հայաստանը երբևէ այսքան անորոշ վիճակում չի եղել։ Ինչի եմ ասում՝ սա շատ տարօրինակ նախընտրական վիճակ է։ Ես օրինակ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում փողոցում, տարբեր միջավայրերում, տարբեր հանդիպումների ժամանակ, ինձ հարցնում են, օրինակ՝ «ո՞ւմ խորհուրդ կտաք ընտրել»։ Ես որևէ կուսակցության անուն չեմ տալիս երբեք, ինձ ուղղակի հետաքրքիր է, ես ասում եմ՝ «գիտեք, ճիշտ կլինի ընտրեք ողջախոհությունը, իրատեսությունը», ուշադիր նայում են ու ասում են՝ «Հայ ազգային կոնգրեսին նկատի ունե՞ք»։ 10-ից 8-ն էդպես է ասում։ Սա չի նշանակում, որ 10-ից 8-ը Կոնգրեսին է ընտրելու, բոլորովին, ավելին էդ ուժը կասկածի տակ է ընդհանրապես խորհրդարան կհայտնվի՞՝ թե՞՝ չէ, բայց, երբ որ հասարակության մեծամասնությունը որպես ողջամտություն, կամ սթափություն էդ ուժն է ճանաչում, ընկալում, բայց վստահաբար էդ ուժին չի տալու, այլ ձայները կիսվելու են «Հայաստան» դաշինքի և գործող իշխանությունների միջև։

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք գլխավոր դերակատարներ նրա՞նց եք համարում

Արմեն Բաղդասարյան․ - Այո՛, ես հասկանում եմ, որ իրավիճակն արտառոց է շատ, որովհետև էդ երկու հիմնական ուժերի հիմնական օրակարգն, ասելիքը, միմյանց ոչնչացնելն է։ Հիմա տպավորությունն այնպիսինն է, որ վճռական ճակատամարտից առաջ ամեն մեկն իր թիմն է նախապատրաստում և այդ ճակատամարտը լինելու է ընտրություններից հետո՝ Երևանի փողոցներում, ցավոք սրտի, մենք այդ վիճակում ենք։ Դրա համար էլ ծրագրերին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, որևէ մեկը չի էլ հավատում այդ ծրագրերին։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ ծրագարերը փոխարինվեցին հայհոյախառն արտահայտություններով, փոխադարձ վիրավորանքներով և այդպիսի լարվածությամբ, որ այս յոթ օրերին տեսանք։

Բենյամին Պողոսյան․ - Տեսեք, եթե ծրագրերի մասին ենք խոսում, ցավոք, ծրագրերին իրենք արժեզրկվել են, որովհետև վերջին հաշվով մարդիկ նաև նայում են,թե 91 թվականից ի վեր ինչ ծրագրեր են ներկայացրել այն ուժերը, որոնք եկել են իշխանության, կամ ընդդիմություն են, հետո են եկել իշխանության և, ցավոք, շատերը տեսնում են, որ այդ ծրագերի մեծ մասն այդպես էլ մնում են թղթի վրա, դրա համար ծրագիր մարդիկ չեն էլ կարդում, որովհետև ասում են՝ «այսպես, թե այնպես այս ծրագրերը չեն կատարվելու»։ Իսկ ծրագրերը քանի որ կուսակցությունը մասնակցում է ընտրությանը, պետք է ունենա ծրագիր, մարդիկ դա այդպես են ընկալում, պարտադիր պայման է պետք է ունենա ծրագիր, բայց ընտրությունը գնում է անձերի միջև։ Այսինքն՝ մարդկանց ծրագրերը չեն հետաքրքում, ոչ էլ նույնիսկ հետաքրքում են՝ այդ անձերն, ինչ են անելու, ես նույնիսկ կասեի, որ ընտրությունը գնալու է ավելի քիչ բացասական անձի միջև, որովհետև եթե խոսում ենք երկու հիմնական ուժերի միջև, իսկ կարծես թե բոլորն էլ համաձայն են, որ դա գործող իշխանությունն է և «Հայաստան» դաշինքը, ապա ինձ թվում է՝ մարդկանց մեծ մասը, ով ձայն է տալու կա՛մ գործող իշխանությանը, կա՛մ «Հայաստան» դաշինքին, ոչ թե ձայն է տալու հանունի, այլ պարզապես ձայն է տալու նրան, ում ավելի քիչ է ատում և ի հակառակ նրան՝ ում ավելի շատ է ատում։ Իմ գնահատմամբ՝ ընտրությունները լինելու են քիչ և շատ ատվող ուժերի միջև։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG