Մատչելիության հղումներ

«Առկա խնդիրները կարող է լուծել միայն Տեր-Պետրոսյանը»․ ՀԱԿ-ն այսօր Գյումրիում էր


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնահագաներն ու պատգամավորության թեկանածուներն այսօր Գյումրիում հանդիպեցին կուսակիցների ու համակիրների հետ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ շիրակցիների համար ամենացավոտ՝ գերիների վերդարձի խնդրին:

Իշխանություններն ի՞նչ են արել գերիների վերդարձի համար, Զուրաբյանը հարց տվեց հավաքվածներին ու ինքն էլ պատասխանեց․ - «Պաշտոնապես պետության անունից նամակ է գրել Ալիևին՝ առաջարկելով նրան փոխանակել գերիներին իր տղու հետ: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Ասենք՝ ինչպես պիտի վարվի Ալիևը, կամ ի՞նչ պիտի մտածի Նիկոլ Փաշինյանի ուղեղի կամ կարողությունների մասին։ Լավ, հայտարարեցիր, քո էժանագին շոուն արեցիր, մի քանի մարդու խաբեցիր, բայց դու դա՝ այդ էժանագին շոուն վերածում ես պետական քաղաքականության՝ պաշտոնական, և ի՞նչ եք կարծում, նման բանակցող ունենալով, մենք երբևիցե գերիներին հետ կկարողանա՞նք բերել, բացառվում է»։

Զուրաբյանը վստահ է՝ այսօրինակ իրավիճակում, եթե գլխավոր բանակցողը լինի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը, ապա գերիների հարցը շատ արագ՝ մեկ շաբաթում կլուծվի․ - «Ես վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի հիմա Հայաստանի ղեկավար, մի շաբաթվա ընթացքում էդ հարցը կլուծվի»։

Պետություն ղեկավարելը կրկես չէ, թամաշա չէ, պետություն կառավարելը լուրջ արվեստ է, և ժամանակն է, որ արվեստին տիրապետողները ստաձնեն երկրի ղեկը՝ նշեց Զուրաբյանը՝ շարունակելով՝ որ խնդիրները լուծվեն:

Արամ Մանուկյանն էլ հավելեց, թե պետականությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք կանգնած: ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարեցին՝ սահմաններն այսօր պաշտպանված չեն, պետության անվտանգության համակարգը չի աշխատում, եկեղեցին դեմ է պետությանը, դատարանները դեմ են, և չկա մի համակարգ, որ կանգնած է ներկայիս իշխանության կողքին։

«Էս դաժան պարտությունը, դրան նախորդած 20 տարվա թալանը, պետության և բանակի ոչնչացումը, մեր անկախությունը մկրատել են, կերել են, մեր պետականությունն էսօր ցեցը կերել ա, և մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որ ժողովուրդը կամ տեր կանգնի մեր պետականության մնացորդներին, կամ մենք ոչնչով լավը չենք քան քրդերը, քան ասորիները, որոնք չկարողացան պետություն ստեղծել՝ չունեն պետություն, պետականություն։ Ամենևին սովորական վիճակ չէ, մի մասը հաստատ չի էլ զգում դա, շատ քիչ մարդիկ են, որ բնազդով, նյարդերով, ֆիզիկապես զգում են սեփական պետության կորուստը», - ասաց Մանուկյանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Փաշինյանն, ունենալով 80 տոկոսանոց վստահություն, ոչ մի հարց չլուծեց, ավելին՝ նախկիններին հետ գալու հնարավորություն տվեց:

«Երբ պառլամենտի 88 հոգիանոց մեծագույն ֆրակցիայով ոչ մի հարց չի կարողանում լուծել, ոչ մի, ոչ միայն չկարողացավ լուծել, այլ այն մարդիկ, ովքեր կերել էին մեր երկիրը, էդ մարդկանց ճանապարհ տվեց գալու իշխանության, կամ մեծ քանակով մտնել խորհրդարան։ Այսինքն՝ Նիկոլի ավերածությունը ոչ միայն երկրի ավերածություն էր, այլ էն ապագայի, որը մեզ սպասվում է, եթե հանկարծ մենք չկարողանանք դրա դեմն առնել», - ասաց Արամ Մանուկյանը։

Կոնգրեսականները կրկին ընդգծեցին՝ այս իրավիճակում միակ մարդն, ով կարող է լուծել առկա խնդիրները Լևոն Տեր Պետրոսյանն է:

«Միակ լուծումը, միակ, ցավոք, միակ լուծումը, որ էս երկիրը կարող է գալ հավասարակշիռ, կանխատեսելի, երևացող ճանապարհին Տեր-Պետրոսյանն է, ուրիշը չկա։ Տեր-Պետրոսյանը դուրս է եկել ճակատամարտի», - նշեց Մանուկյանը։

Լրջանալու և ճիշտ ընտրություն կատարելու պահն է, եզրափակեցին կոնգրեսականները:

XS
SM
MD
LG