Մատչելիության հղումներ

Քոչարյանը կողմ է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները զինված լինեն


Ճգնաժամն ավելի խորն է, քան երևում է, քարոզարշավի 7-րդ օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ` Մշակույթի տանը հավաքված մարդկանց մոտ նա հարց բարձրացրեց` ո՞վ կարող է լինել այն մարդը, որ կարող է երկիրը հանել այս ծանր վիճակից: Նրա գնահատմամբ` Հայաստանը թռիչքաձև անկում է ապրում:

«Ինձ համար չափազանց ծանր որոշում էր այս հայտը ներկայացնել, փորձել վերադառնալ երկրի բարձրագույն պաշտոնին: Ծանր որոշում էր, որովհետև վատ վիճակում է ամեն ինչ, և իհարկե, մտածում ես` բա հանկարծ որ չստացվի: Պատրաստ եմ դա անել, գնալու եմ սրան և համոզմունք ունեմ, որ ի վիճակի եմ դա անել», - ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը Տավուշի մարզում իր քարոզարշավը սկսեց Նոյեմբերյանից: Այստեղ հանդիպումը բացօթյա տարածքում էր: Քանդելու հարցում այս իշխանությունները վարպետ են, վարպետ առանց գրիմի, այսպիսի գնահատական տվեց իշխանություններին. «Հատ առ հատ հրավիրում եմ ձեզ մի հատ նայել` ինչ են խոստացել, ինչ են արել: Զրո արդյունք, այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է: Եվ քանի որ ասելիք չկա, քանի որ աշխատանքի արդյունք չկա, ի՞նչ պետք է անեն. պետք է ուրիշների վրա հարձակվեն, կապիկություն անեն ամբիոններից: Այս հարցում լավ են, վարպետ են առանց գրիմի»:

Իջևան, Դիլիջան, եղան նաև մի քանի չնախատեսված կանգառներ: Գրեթե ամեն տեղ նույն միտքն էր կրկնվում. քննադատություն ներկայիս իշխանություններին բոլոր ոլորտների քաղաքականության վերաբերյալ` սկսած տնտեսականից մինչև բանակաշինություն, մշակույթ. «Այսօրվա կառավարությունն ուղղակի ցույց տվեց, որ 3 տարի զբաղված էր դատարկ խոսակցությամբ և պետական համակարգը քայքայելով ու սկսել են բանակից, անմիջապես զուգահեռ սկսել բանակ և մշակույթ, հոգևոր արժեքներ», - նշեց նա:

Բերդի մշակույթի տունը բազմամարդ էր, հարցերն էլ էին շատ: Բոլորին չէ, որ հասցրեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանը: Բնակիչներից մեկի դիտարկմանը, որ սահմանամերձ հատվածում ապրող մարդիկ պետք է զինված լինեն, նախ համաձայնեց, ապա առաջարկեց իր տարբերակը. «Ես կողմնակից եմ, որ մենք, մեր սահմանամերձ գյուղերի ժողովուրդը պետք է զինված լինի: Կարող ենք ասել` զենքը կրակում է, վայ, այո, զենքը չի կրակում, մարդն է կրակում: Ես կողմնակից եմ: Իսրայելականի պես, և գյուղ, տնտեսություն, պաշտպանություն, սահմանամերձ գոտիներ, այդպիսիք պետք է լինեն Հայաստանում»:

Նախքան «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն կխոսեր Բերդի մշակույթի տանը, «Ազատությունը» զրուցեց այս հանդիպմանը ներկաների հետ: Նրանց մեջ կային անձինք, որ արդեն կողմնորոշվել էին, որ պետք է ընտրեին Քոչարյանին` իր ղեկավարած դաշինքին, պատճառաբանում էին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երկրում անվտանգություն ապահովել, կային նաև նրանք, ովքեր ասացին` կողնորոշված չեն, չգիտեն` ինչպես պետք է գտնեն ապրելու, երկիրը զարգացնելու ճանապարհը և կփորձեն հասկանալ, թե Քոչարյանն ինչ է առաջարկում. «Ես ոչ մեկի կողմն էլ չեմ, եկել եմ տեսնեմ»:

«Քոչարյանին պիտի ընտրենք, հենց դրա համար ենք եկել, մենակ ինքը կհանի մեզ, 100 տոկոս»:

«Մենք Քոչարյանին ենք ընտրելու, որովհետև մեջքներս կոտրած ա, մեր շրջանի ժողովուրդը սաղ ուզում ա, որ էս երկրի վիճակը մի քիչ լավանա: Էսքան ժողովուրդը հավաքվել են իր համար, ինձ թվում ա` հույսեր կան»:

«Մեր անվտանգությունն ով կապահովի, նրան էլ կընտրենք: Տեսնում ես, որ էս մարդն ասում ա` ես կարամ էլի»: Հնչում էին այս տեսակետները:

Երկրորդ նախագահն իր գրեթե բոլոր ելույթներում մի քանի թեզ էր առաջ բերում` հիմնականում տնտեսական և անվտանգային խնդիրների լուծում, որպես այս ամենի ամփոփում նշում, որ տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու նախապայմանն այս կառավարության փոփոխությունն է լինելու միայն. «Միշտ ինձ մոտ այդ բանը կար` ասում էի` եթե ոչ ես, ապա ո՞վ: Ոնց որ ճակատիս գրած լինի` մի տեղ փչացնեն, դու պիտի գաս, կապիտալ ռեմոնտ անես, մի բան էլ ավելի»:

Քոչարյանի թիմակից, դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը ևս իր ելույթներում բավական կոշտ ձևակերպումներով քննադատեց գործող իշխանություններին: «Ազատությունը» փորձեց նրան հարց ուղղել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գրառման հետ կապված, որում նա հայտարարել էր, որ Կապանում բավականին տարօրինակ մթոնոլորտ է, տեղեկություններ կան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ազդեցություն է ունենում քաղաքական գործընթացների վրա: Հակոբյանը, ով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ է, հրաժարվեց պատասխանել հարցին` ասելով, որ դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG