Մատչելիության հղումներ

Սահմանի լարվածության հանգուցալուծման մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին կառավարությունը լռում է


Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հանգուցալուծման մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին կառավարությունը լռում է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում չասաց՝ ինչով են դրանք ավարտվել, միայն պնդեց, թե Ադրբեջանի Ռուսաստանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև մոսկովյան վերջին հանդիպումը բովանդակալից է եղել, և ամենաբարձր մակարդակով շարունակվում են բանակցությունները։

«Մոսկովյան բանակցությունները նույնպես բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել: Դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը», - ընդգծեց Թորոսյանը:

Իսկ ինչո՞ւ այդչափ բովանդակալից ու ամենաբարձր մակարդակով քննարկումները մինչ օրս արդյունք չունեն։ Ադրբեջանական զորքը 24-րդ օրն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իր դիրքերն է ամրացնում։ «Ձեռքբերումը գնահատելու համար ժամանակ է պետք: Ձեռքբերում կա այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ կա փոխըմբռնում լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի, այո, Ռուսաստանի Դաշնության հետ, և նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի», - նշեց Թորոսյանը:

Բանակցությունները Մոսկվայում վերսկսվել են հունիսի 2-ին։ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ եռակողմ շփումները շարունակական են լինելու։ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն էլ տեղյակ չէր, թե երբ և որտեղ է շարունակվելու։ Բանակցությունների ու օրակարգի մասին Հայաստանի կառավարությունը սակավ տեղեկություններ է հայտնում, ռուսաստանյան լրատվամիջոցներն են գրել, որ բացի սահմանի լարվածությունից քննարկվել է նաև ինը օր առաջ Հայաստանի տարածքում գերեվարված վեց հայ զինծառայողի վերադարձի հարցը:

«Պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որոնք նաև գործադրվում են և պետք է շարունակենք, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Մեկ շաբաթ առաջ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը սահմանին իրավիճակը պայթյունավտանգ էր գնահատել և որպես հանգուցալուծում առաջարկել միջազգային հանրությանն ու Ադրբեջանին սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել, ադրբեջանական ու հայկական զորքը հետ քաշել և սահմանազատման աշխատանքները սկսել։ Այս առաջարկից երեք օր անց Փաշինյանը հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգուցալուծելու իր տարբերակին։

Մինսկի խումբը հենց հաջորդ օրն էր պատրաստակամություն հայտնել աջակցել գործընթացին, սակայն միջազգային դիտորդներ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու մասին որևէ խոսք չկար այդ հայտարարության մեջ։

Միջազգային դիտորդներ տեղակայելուն Մինսկի խմբի որևէ երկիր համաձայնե՞լ է, հարցրիք Թորոսյանին: «Այդ արձագանքը ստացող պաշտոնատար անձը չեմ, որպեսզի ամբողջությամբ պատասխանեմ, ես ձեզ ներկայացնում եմ ընդհանուր կոնտեքստը տեղի ունեցողի» - արձագանքեց նա:

Հայկական կողմը Ադրբեջանին մեկ ժամ ժամանակ էր տվել գերեվարված վեց հայ զինծառայողին վերադարձնելու համար, հակառակ դեպքում սպառնացել էր համարժեք քայլեր անել, սակայն մինչ օրս մեկ ռազմագերի անգամ Ադրբեջանը չի վերադարձրել: 24 օր է՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի սահմանների ներսում է: Տարբեր միջադեպեր են եղել սահմանին՝ ադրբեջանական կրակահերթից հայ զինծառայող է զոհվել, վեցին գերեվարել են, Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանցիները դիրքեր են կառուցել:

XS
SM
MD
LG