Մատչելիության հղումներ

Ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ, ԿԸՀ ծախսերը կավելանան


ԿԸՀ նիստ, 31-ը մայիսի, 2021թ.

Հունիսի 20 -ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքների և կուսակցությունների վերջնական գրանցումն այսօր ավարտվեց։ Սպասվող ընտրություններին կմասնակցի ռեկորդային թվով` 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Որևէ քաղաքական ուժի գրանցում չմերժվեց։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նաև վիճակահանությամբ ընտրություններին մասնակցելու համարներ տրամադրվեցին։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 3-րդ համարն է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 24-րդը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը 2-րդն է, «Պատիվ ունեմ»-ը, որի ցուցակը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, 6-րդն է, խորհրդարանական «Լուսավոր Հայաստանը» 9-րդ համարի ներքո է, «Բարգավաճ Հայաստանը»՝ 14։

Այն, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողների թիվը բավականին մեծ է, այս մասին խոսում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Անկեղծ ասած` 12 թվականից ես չեմ հիշում նման մեծ մասնակցություն: Մասնակցության առումով եթե նայում ենք 12 թվականից սկսած, թերևս այն ժամանակահատվածն է, երբ ես, ըստ էության, ԿԸՀ-ում եմ, նման մեծ թվով կուսակցությունների մասնակցություն չէր եղել: Մինչ այդ կդժվարանամ հստակ դատողություն անել»:

Մասնակից քաղաքական ուժերի մեծ թվի պատճառով կավելանան ընտրությունների կազմակերպման ծախսերը, օրինակ՝ պայմանավորված քվեաթերթիկների տպագրությամբ, ասում է ԿԸՀ նախագահը. «Հիմա հաշվարկն իրականացվում է, այստեղ հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ, որովհետև նախապես երբ պլանավորվում էր, պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Նշանակում է` մենք տեղամասային կենտրոններում ունենալու ենք կուսակցությունների և դաշինքների թվին հավասար, այսինքն` 26 քվեաթերթիկ: Դրանք լինելու են առանձին քվեաթերթիկներ, ընտրողն ստանալու է այդ քվեաթերթիկները, դրանցից ընտրելու է իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, այն տեղադրելու է ծրարի մեջ, մնացած քվեաթերթիկները գցելու է արկղի մեջ, որը կլինի տեղադրված խցերում է: Բնական է, եթե կուսակցությունների թիվը մեծ է, հետևաբար տպագրվող քվեաթերթիկների թիվն էլ է մեծանալու: Իհարկե, նաև պետք է նկատել, որ այդ քվեաթերթիկները տպագրելուց հետո դրանք պետք է տեղափոխել տարածքային ընտրական հանձնաժողովներ, այսինքն` մի բան է, երբ նախապատրաստվում է օրինակ` 40 միլիոն քվեաթերթիկ, մեկ այլ բան է, երբ նախատեսվում է 70-ից ավելի միլիոն քվեաթերթիկ»:

Այժմ հաշվարկներ են իրականացվում, ակնկալվում է, որ վաղը ԿԸՀ նիստից հետո կհրապարակվի, թե որքան գումար կպահանջվի այս ընտրություններին։





















XS
SM
MD
LG