Մատչելիության հղումներ

Եթե ՔՊ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեն, վերլուծաբանը չի բացառում երկրորդ փուլի հավանականությունը


Բացառվում է, որ ես միանամ «Իմ քայլի» հետ, այսօր միայն մի քանի լրատվամիջոցի տված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Դա բացառված է, որ ես միանամ «Իմ քայլի» հետ: Ես ունեմ ծրագիր, որ ներկայացրել եմ, որևիցե մեկը չի կարա հակադարձի իմ ծրագրին, որովհետև օդ ու ջրի պես իմ երկրին, իմ ժողովրդին անհրաժեշտ է, էս վիճակից դուրս գալու համար ես գնում եմ մենակ, գնում եմ հաղթելու, այս ծրագրերը կյանքի կոչելու», - ասել է նա:

Քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանը ասում է՝ ամենակայուն ընտրազանգվածն այս փուլում ունի գործող իշխանությունը, սակայն բոլոր սոցիալական հարցումներն էլ ցույց են տալիս, որ միայնակ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանություն ձևավորել չի հաջողվի, և այստեղ կարևորվում է ԲՀԿ-ի դերը։ Կանխատեսում է՝ եթե Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճը» կոալիցիա չկազմեն, չի բացառվում երկրորդ փուլի հավանականությունը. «Իշխանությունները երևի թե մտածում են ստանալ մոտ 30-35 տոկոս ձայն ռեալ, առնվազն մի 10-12 տոկոս ստանալ այդ չընտրված կուսակցությունների ձայներից, այսինքն` հասնել 45-47-ի, երևի թե հույս ունեն, որ «Բարգավաճը» ևս 5-6 տոկոս կստանա, մի 2 տոկոս էլ կգումարվի, 8 տոկոս, և նույն տրամաբանության մեջ թերևս հավանական սցենարներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր»-«Բարգավաճ Հայաստան» կոալիցիան է, այսպես ասած` 46-47 տոկոս «Քաղաքացիական պայմանագրին», 7-8 տոկոս «Բարգավաճ Հայաստան», գումարում ենք, ստանում ենք 55-56 տոկոս: Այլ կոալիցիաներ շատ ավելի բարդ է, հետևաբար կամ կլինի այս կոալիցիան, կամ կլինի երևի երկրորդ փուլ»:

Ցանկացած պարագայում, ըստ վերլուծաբանի, քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում և լարվածության թուլացում այս ընտրությունների միջոցով չի լինելու, քանի որ ընտրապայքարը երկու հիմնական ուժերի՝ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի միջև է. «Նույնիսկ եթե ընդունենք շատ քիչ հավանական տարբերակ, որ նորից կոալիցիոն տարբերակով իշխանության է գալիս հանրապետության երկրորդ նախագահը, էլի զգալի թվով մարդիկ, ովքեր նրան բացարձակ չեն ընդունում, այս անգամ էլ նրանք են շարունակելու պայքարը: Հետևաբար, ցավոք սրտի, իմ գնահատմամբ` քանի դեռ թե գործող վարչապետը և թե մեր երկրորդ նախագահը, նրանք քաղաքականության մեջ ակտիվ են, կայունություն չի կարող լինել, որովհետև կան բավականաչափ զգալի շերտեր, որոնց համար նրանց երկուսի թեկնածությունը անընդունելի է: Հետևաբար, անկախ նրանից ով կհաղթի, ինչպես կհաղթի, այդ շերտերի կողմից պայքարը շարունակվելու է, և մի բան հստակ է, որ հաջորդ իշխանությունը լինելու է շատ ավելի թույլ»:

Վերլուծաբանը կարծում է՝ գործընթացի վրա քիչ ազդեցություն չունեն ընտրությունների մասնակցության ցանկություն հայտնած ռեկորդային մեծ թվով քաղաքական ուժերը։ Ասում է` խորհրդարան անցողիկ շեմը հաղթահարելու իրական շանս ունեն 4-5 քաղաքական ուժեր, մնացած 20 -ից ավելի ուժերի հիմնական ֆունկցիան ձայների փոշիացումն է: Չի բացառում, որ նրանցից ոմանք պարզապես օգտագործում են հնարավորությունը հայտնի դառնալու և քաղաքական կարիերա սկսելու համար։ Կարծում է նաև, որ նրանք ավելի շուտ կխլեն ընդդիմության ըտրազանգվածի ձայները, քան իշխանության. «Ինձ համար ակնհայտ է, որ նրանք չեն վերցնելու ձայներ գործող իշխանությունից, որովհետև նորից եմ ասում` ամենակայունը գործող իշխանության ընտրազանգվածն է, որոնք անկախ ամեն ինչից ձայն են տալու գործող իշխանությանը, նույնիսկ եթե, չգիտեմ, ասենք պարզվի, որ ադրբեջանցիներն արդեն Կապանում են, այն մարդիկ, ովքեր ձայն են տալու գործող իշխանությանը, նրանք ձայն են տալու: Հետևաբար, այս տրամաբանության մեջ բոլոր կուսակցությունները, որոնք կես տոկոս կհավաքեն, մեկ տոկոս կամ մեկուկես, այդ մեկ կամ մեկուկես տոկոսը չի լինելու գործող իշխանության ձայները»:

Հունիսի 20 -ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեկորդային թվով` 26 քաղաքական ուժ։ Երեկ դիմել էին 27 -ը՝ 4 դաշինք և 13 կուսակցություն։ Այսօր, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության դիմումը վերադարձվում է։ Կուսակցության ներկայացուցիչը պարզաբանեց` հարցը տեխնիկական է, նրանք ներկայացված կլինեն «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքով։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում է՝ նման քանակությամբ դիմումների նախադեպ չի հիշում, սա տեխնիկական առումով հանձնաժողովի աշխատանքը բավականին դժվարացնում է, ենթադրվում է նաև ծախսերի աճ. «Երբ պլանավորվում էին ծախսերը, դրանք բնական է` նախապես որոշակի կանխատեսումներ են իրականացվում, և պետք է լինենք անկեղծ, որ մեր ծախսերը պլանավորելիս մենք երբևէ չենք մտածել, որ նման քանակով առաջադրումներ կունենանք: Հետևաբար, այստեղ ծախսը բնական է` ավելանալու է արդեն քվեաթերթիկների տպագրությամբ պայմանավորված»:

Դաշինքների և կուսակցությունների վերջնական գրացումը կավարտվի մայիսի 31 -ին։ Նրանց թիվը կարող է պակասել։



XS
SM
MD
LG