Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նպատակն է Հայաստանի տարածքների հաշվին հասնել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը. Մեհրաբյան 


Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյան

Մինչ պաշտոնական Երևանը շարունակում է լռությամբ արձագանքել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի երեկվա աղմկահարույց հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար, փորձագիտական հանրությունից կարծիք են հայտնում՝ թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ այժմ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի փաստացի անգործության նպատակն է Հայաստանի շահերի, տարածքի հաշվին ուղի հարթել Կրեմլի գլխավորած դաշինքին Ադրբեջանի անդամակցության համար։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ռուսաստանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության և Բաքվում պահվող մոտ երկու հարյուր հայ ռազմագերիների պայմաններում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման մասին փաստաթուղթ ստորագրել, ի վերջո նպատակ ունի Իլհամ Ալիևին առաջարկել ՀԱՊԿ անդամակցությունը․ - «Այսօր ռուսները, նոմինալ առումով դաշնակիցը լինելով մեր, ձևավորում են ադրբեջանական օրակարգ, ձայնակցում են այդ օրակարգին և այդ օրակարգը գործադրում են մեր դեմ։ Եվ երկրորդը՝ խափանում են Հայաստանի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում և սահմանափակում մեր՝ արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունը»։

Նախորդ հինգ տարիներին Հայաստանը երեք անգամ պատերազմեց Ադրբեջանի դեմ՝ 2016թ. ապրիլի քառօրյան, անցած տարվա հուլիսին՝ Տավուշի ուղղությամբ և 44-օրյա պատերազմը, որոնց ընթացքում ռմբահարության և գնդակոծության ենթարկվեց նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքը։ Սակայն այդ պատերազմների, դրանց նախորդած ու հաջորդած սահմանային հարձակումների ու լարվածության ժամանակ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամները պարզապես խուսափեցին ռազմական աջակցություն ցուցաբերել դաշնակից Հայաստանին՝ փոխարենը, հարձակողական նշանակության լայնածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին։

Կրեմլի փաստացի անգործությունը շարունակվում է նաև այս մայիսի 12-ից ի վեր, երբ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք և ցայսօր հրաժարվում է հեռանալ։ 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, թեև Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, կողմերը պարտավոր էին դա անել։

Այս ամենի ֆոնին երեկ մոսկովյան Известия պարբերականում հրապարակված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարում է. - «Ինչ վերաբերում է մյուս երկրներին, այդ թվում Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլորի համար։ Միակ բանը, որ կարող է խոչընդոտել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ-ին մաս կազմելու համար, նրա անդամների միջև պետք է գոյություն ունենան դիվանագիտական հարաբերություններ։ Դեռևս նման հարաբերություններ չկան Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Երբ դրանք կհաստատվեն, հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդժամ էլ այդ հարցը կարող է հայտնվել գործնական հարթությունում՝ այս կամ այն կերպ»։

Ռուսաստանի նպատակն է թուլացնել հետխորհրդային երկրների պետականությունները. Մեհրաբյան

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը նախորդ տարիներին պարբերաբար քննարկվել է։ Ընդ որում, ժամանակ առ ժամանակ այն մեջտեղ են բերում հենց Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները։ 2018թ. օգոստոսի 28-ին հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի շուրթերով հստակ արձագանքեց․ - «Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոի իր իրավունքը»։

Հաջորդ անգամ հարցը մտավ լրատվական շրջանառության մեջ մեկ տարի անց, երբ 2019թ. սեպտեմբերի 12-ին հենց Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարեց. - «Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ը միշտ կողջունի համագործակցությունը ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ։ Մենք բոլորս ինչ-որ ժամանակ միասնական ընտանիք էինք, ընդհանուր շատ բան ունենք»։

Ռուսաստանի փոխվարչապետի այդ հայտարարության հաջորդ օրը արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը վերահաստատեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը, թե ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի ձգտող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա դաշինքի բոլոր անդամ պետությունների հետ, ավելին՝ պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը․ - «Եվ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին»։

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Ռուսաստանի նպատակը սոսկ հարավկովկասյան ուղղությունը չէ։ Հատկապես նախորդ տարիներին ակնառու դարձավ պուտինյան վարչակազմի ռազմավարությունը՝ թուլացնել հետխորհրդային երկրների պետականությունները Կրեմլի գլախավորությամբ նոր միության կազմում ընդգրկելու նպատակով։

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է հետխորհրդային տարածքում ինտեգրացման պրոցեսները։ Մենք պետք է լավ հասկանանք, որ այդ մասշտաբների անհամաչափության պայմաններում, երբ նման ակտիվությամբ սկսում են խոսել ինտեգրացիայի մասին, ապ ինտեգրացիան ինչ-որ տեղ ուղղակի հոմանիշն է դառնում նաև մասնակի օկուպացիա տերմինի», - նշեց Մեհրաբյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG