Մատչելիության հղումներ

Սյունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները փորձել են աշխատանքներ իրականացնել, ըստ Գորիսի փոխքաղաքապետի՝ մոտեցել են Վերիշենին


ՀՀ ԶՈՒ սպաները Սյունիքի՝ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներից մեկում, արխիվ
ՀՀ ԶՈՒ սպաները Սյունիքի՝ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներից մեկում, արխիվ

Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանցիները անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3 կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր, կեսօրից ահազանգում են Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանք իրականացնել Սյունիքի սահմանին:

Փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի խոսքով՝ տեղանքում նաև զորք է կուտակված. «Այսօր առավոտյան 3 կմ թշնամին պետական սահմանից անցել է և հասել մինչև Վերիշեն բնակավայր: Եթե GPS-ով, Սև լճի հատվածի մասին է խոսքը, 30 տոկոսը իրենց վերահսկողության տակ է, 70 տոկոսը՝ մեր վերահսկողության, հիմա իրենք անցել են անգամ Սև լիճը և ևս 3 կմ մոտեցել դեպի Վերիշեն բնակավայրին ու բավականին մեծ թվով իրենց հետ բերել են զորք»:

Համացանցային տարբեր աղբյուրներ տեղեկություններ էին տարածում, թե Իշխանասարի ուղղությամբ մարտեր են. Սև լիճը Սյունիքի ու Արցախի սահմանագլխին՝ Իշխանասարի լանջին է։ Պաշտպանության նախարարությունը հերքեց, թե այդ ուղղությամբ մարտեր կան և հաստատեց, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ըստ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, այժմ ընթանում են բանակցություններ։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանցիների Սև լճի տարածք խորանալու վերաբերյալ տեղեկություններ չուներ, ենթադրում է, որ ադրբեջանցիները ձնհալից հետո կարողացել են հասնել այդ բարձրադիր գոտի ու փորձում են ամրանալ: Նա լավատես է՝ եթե Հայաստանի պետական սահմանը խախտել են՝ հետ կգնան:

«Ձյունը, որ հալվել ա, ճանապարհները բացվել ա, հիմա իրանց բաց տեղեր ունեն, բերում են իրանց պոստերը դնեն, բայց մենք թույլ չենք տա մեր պետական սահմանը 1 մետր անցնեն, անհնարին բան ա դա», - ասաց մարզպետը:

Վերիշենի համայնքապետ Արարատ Օրդյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանցիները այժմ գյուղի սահմանին են՝ բնակավայրից 6 կիլոմետրի վրա, զորքով. «Մերոնք էլ են բերել, նենց չի, որ մերոնք չեն բերել»:

Որևէ բախում չի եղել՝ շեշտեց համայնքապետը. «Չէ, տենց վիճաբանություն, բան, էս պահին էդ ա»:

Օրդյանն ասաց՝ սպասում են բանակցությունների ավարտին, ադրբեջանցիները հետ քաշվեն ու տեղակայվեն սահմանային վերջին ճշտումներից հետո իրենց անցած տարածքներում, բավարարվեն Սև լճի 30 տոկոսով։

Պաշտպանական գերատեսչությունն առայժմ որևէ տեղեկություն չի հրապարակել բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ արդյոք ադրբեջանական զինուժը հեռացել է հայկական տարածքներից։

Գորիսի ավագանու անդամ Նարեկ Օրդյանի տեղեկացմամաբ՝ Հայաստանի պետական սահմանն անցած ադրբեջանցիները դեռևս տեղում են, հետ չեն քաշվել. «Այս պահին բանակցությունը շարունակվում է, իրենք որտեղ որ կան, այդտեղ էլ կանգնած են, մոտավոր Սև լճից 5 կմ ներքև են իջել դեպի մեր կողմ: Սև լիճը իրանց ձեռքում ա էս պահին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG