Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը


Georgia -- Andrey Rudenko

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

Ընդգծելով, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև՝ նա շեշտել է՝ պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման համագործակցություն չկա։

«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Վերջին տարիներին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմկերպությանը պարբերաբար քննարկվում է ռուսական տարբեր հարթակներում, այս մասին պարբերաբար խոսում են նաև ռուսաստանցի պաշտոնյանները։ Քննարկումներն առավել ակտիվ են դարձել ղարաբաղյան պատերազմից հետո։ Ավելին՝ արդեն կա որոշակի զգուշավոր գործընթաց Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

Հիշեցնենք՝ Ղազախստանը ադրբեջանական կողմին հրավիրել էր մասնակցելու ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստին։ Երևանը դեմ էր, և քանի որ կոնսենսուս չեղավ, ադրբեջանական պատվիրակությունը չժամանեց Կազան, թեև պատրաստ էր ժամանել հյուրի կարգավիճակով:

Եթե դեպի ԵԱՏՄ կան որոշակի զգուշավոր քայլեր Բաքվի կողմից, ՀԱՊԿ-ի մասին Բաքուն չի խոսում ընդհանրապես։ Փորձագետները պարբերաբար շեշտում են, որ անցած տարվա պատերազմը և Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ ցույց տվեցին, որ Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են ռուսական փորձագիտական շրջանակների և մամուլի ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանը, օգտագործելով նաև Ռուսաստանում իր համայնքային ներուժն, ակտիվ աշխատում է ռուս փորձագետների հետ, հայկական կողմն այս առումով անհամեմատ ավելի պասիվ է, և հիմնական դիսկուրսն, որ այսօր առկա է ռուսական մեդիա և փորձագիտական հարթակներում, Հայաստանն, իհարկե, Ռուսաստանի դաշանակիցն է, սակայն, Ադրբեջանը Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, և հնարավորինս պետք է անել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները չփաչցնելու համար։ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին այս տրամաբանության շրջանակներում են։

Ադրբեջանը գերազանց, այդ թվում՝ ռազմատեխնիկական հարաբերութուններ ունի ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի հետ, իսկ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղըզստանը Ադրբեջանի հետ անդամակցում են թյուրքալեզու պետությունների կազմակերպպությունում, և ունեն եղբայրական հարաբերություններ։

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Ինչ վերաբերում է հետպատերազմյան շրջանում հայ-ռուսական հարաբերություններին, պաշտոնական Երևանն ու Մոսկվան պարբերաբար հայտարարում են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պատերազմից հետո չեն փոխվել և դրանց ոչինչ չի սպառնում, ինչպես, օրինակ, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին։

Լավրովը հույս է հայտնել, թե ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության ոգով։

Ռուսաստանցի վերլուծաբանները, սակայն, հոռետես են և պարբերաբար գրում են, որ Հայաստանում սկսել են քիչ վստահել Ռուսաստանին և դաշնակիցներ են փնտրում Արևմուտքում։ Օրինակ՝ expert.ru-ն «Պայքար Հայաստանի համար» հոդվածում գրում է․ - «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակից շտապեցին օգտվել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանդես է եկել հայկական տարածքից ադրբեջանցի զինվորականների անհապաղ դուրսբերման օգտին: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կպահանջի Ադրբեջանից զորքերը դուրս բերել հայկական տարածքից։ Այդ հայտարարությունները հազիվ թե ազդեն Ադրբեջանի վրա, բայց վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն ու Փարիզը դեմ չեն զբաղեցնել Մոսկվայի տեղը որպես Երևանի գլխավոր դաշնակից»։

XS
SM
MD
LG