Մատչելիության հղումներ

Արա Այվազյանն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման հրամայականը


Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այսօր քննարկել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։

Անդրադառնալով Հայաստանի սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանն՝ Արա Այվազյանը շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

Արա Այվազյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

XS
SM
MD
LG