Մատչելիության հղումներ

Տավուշի անկլավային գյուղերի վերաբերյալ քննարկումները փորձագետները համարում են անընդունելի


Կիսաքանդ շինությունը Տավուշի մարզի սահմանամերձ գոտում։
Կիսաքանդ շինությունը Տավուշի մարզի սահմանամերձ գոտում։

Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմայի էպիկենտրոնում դարձյալ Տավուշի 7 անկլավային գյուղերն են ու Արարատի մարզի Քյարքին՝ Տիգրանաշենը։ Իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե այժմ քննարկվող փաստաթղթում որևէ բառ կա այս տարածքների հանձնման մասին, բայց և չեն բացառում, որ այն ի վերջո օրակարգ կմտնի։

«Մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում։ Կան ամենատարբեր տարբերակներ։ Օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման։ Չգիտեմ», - երեկ Ազգային ժողովում ասել էր վարչապետի պաշտոնակատարը։

Եղած իրավիճակն այն է, որ 90-ականների պատերազմից հետո Քյարքին հայերով բնակեցված գյուղ է Սյունիք տանող մայրուղու վրա, իսկ Տավուշի 7 գյուղերը՝ անբնակ տարածքներ, որոնց միջով սակայն անցնում է հայ-վրացական միջպետական ճանապարհը։

«Իսկ ինչի՞ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Այսինքը ինչի՞ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում», - ասել էր Փաշինյանը։

Արծվաշենը 92-ին ադրբեջանական զինուժն է գրավել, և այժմ էլ այն այդ երկրի տարածքում է։ «Բաշքյանդ՝ Կարմիր գեղի շրջանում», - կարդում ենք Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցուցակում։ Դա Արծվաշենն է։

Գրքույկը, որ մեզ տրամադրեցին Ազգային գրադարանի պահոցից, տպագրվել է 1923 թվականին, մարդահամարից մեկ տարի անց։ Արծվաշենն այդ ժամանակ ուներ 556 ընտանիք, հիմնականում հայեր։

Խորհրդային Հայաստանի բնակավայրերի այս ցանկում չենք գտնում Տավուշի 7 անկլավային գյուղերը՝ Ներքին ու Վերին Ոսկեպարները, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, Խեյրիմլին ու Կըզըլ Հաջիլին 23 թվին արդեն ադրբեջանական են։

Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանն ասում է, որ 1925-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխհամաձայնության էին եկել այս 7 գյուղերը Արծվաշենի հետ փոխանակելու հարցում․ - «Պիտի տարածքների փոխանակություն կատարվեր, որովհետև տարածքը գրեթե նույնաչափ էր, շուրջ չորս հազար դեսյատին տարածքի մասին է խոսքը գնում։ Եվ բնակչության թվով էլ գրեթե համապատասխանում էին։ Եվ հետո, երբ որ մենք տեսնում ենք ընթացքը ինչպես դասավորվեց, ցավոք սրտի, երբ որ որոշում կայացվեց, որ տեղական բնակչության կամարտահայտմանը թողնեն վերջնական որոշում կայացնելը, Բաշքենդի հայերը և այսօրվա Տավուշի մարզում բնակվող մահմեդականները որոշում կայացրեցին, որ իրենց համար առավել ցանկալի է իրենց հայրենական բնակավայրերում հաստատված մնալ, քան թե տեղափոխվել»։

Մի քանի տարի անց խնդիրը հանգուցալուծվեց առանց փոխանակման․ Տավուշի մեջ խրված 7 ադրբեջանաբնակ գյուղերը տրվեցին Ղազախի շրջանին, հայաբնակ Արծվաշենը՝ Հայաստանին։

Իրավիճակը փոխվեց արդեն 90-ականների պատերազմից հետո։ Համո Սուքիասյանը նկատում է, որ Քյարքիի տարբերակը մի քիչ այլ է՝ այն քարտեզներով, իրավական առումով 20-ականներին Հայաստանին էր պատկանում, բայց փաստացի Քյարքիի գյուղխորհուրդը ենթարկվում էր Նախիջևանին․ - «Քյարքիի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ էին։ Եվ դրանով պայմանավորված, գյուղխորհուրդը փաստացի ենթարկվում էր ինքնավար Նախիջևանի Հանրապետությանը»։

Մի շարք քարտեզներում այս բնակավայրը չկար էլ, քանի որ պատմաբանի խոսքով, այդտեղ ընդամենը քանի տասնյակ ադրբեջանցիներ էին ապրում։

Ըստ Համո Սուքիասյանի, թեպետ 90-ականներին հայկական կողմն էլ է տարածքներ կորցրել, այնուամենայնիվ այժմ նոր շփման գծի ձևավորման մասին խոսել չարժե․ - «Կարծում եմ, Տավուշի և Ղազախի շրջանին հարող տարածքներում սահմանագծի փոփոխություններ կատարելը նպաստավոր չէ երկու կողմի համար էլ։ Մանավանդ որ գրեթե նույն չափով տարածքի մասին կարող է խոսք գնալ»։

Տավուշի այդ 7 գյուղերից երեքով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, ուստի հանձնելու, փոխանակելու քննարկումներն անընդունելի է համարում «Անի» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը․ - «Այդ տարածքով է անցնում Հայաստանից Վրաստան միջպետական ճանապարհը, որը այն ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Նույնիսկ ինձ ապշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը․ ասում է՝ քննարկման թեմա է, եկեք քննարկենք․․․ Իհարկե, մեզ համար շատ նվիրական անուն է Արծվաշենը։ Բայց Արծվաշենը ստանալ և դրա դիմաց տալ Հայաստանի ճանապարհը․․․ Առանց այդ էլ հիմա մենք տվել ենք Հայաստանի ճանապարհներից մեկը, որը մեզ կապում է Իրանի հետ Գորիս – Կապան – Ճակատեն հատվածում»։

Այդ անկլավները նոր ճանապարհահատվածով շրջանցելու տարբերակ էլ չկա, ասում է Թաթուլ Հակոբյանը, հիշեցնում է, որ Հայաստան մտնող գազատարն էլ այդտեղով է անցնում։ Խորհրդային սահմանների մասին խոսակցությունները եթե որևէ փաստաթղթով ձևակերպվեն, դա, ըստ Հակոբյանի, նշանակելու է Հայաստանի հոշոտում․ - «Ի՞նչ ուրեմն Տիգրանաշենն է՞լ ենք տալու։ Մի հատ էլ նորից տալիս են, որպեսզի Ադրբեջանը գա կանգնի արդեն Արարատի ստվե՞րի տակ»։

Փորձագետը շեշտում է, որ, այո, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Հայաստանի տարածքներից Ադրբեջանին տասնյակ քառակուսի մետրեր անցան։ Թվարկում է՝ Չինարիի դիմաց Աղդամ գյուղի մի թաղ լրիվ հայկական էր, Պառավաքարի, Կիրանցի հատվածում ենք տարածքներ կորցրել։ Բայց սա չի նշանակում, որ այժմ պետք է խոսել փոխանակումների մասին։

Թաթուլ Հակոբյանը վերջին օրերին հնչող ելույթները լսել է, բայց նրա համար պարզ չէ, թե ինչ է մտադիր անել իշխանությունը․ - «Մեկ այլ բան է ինձ համար պարզ, որ այս հարցը Հայաստանի իշխանությունները չեն կարող լուծել։ Ինչո՞ւ չեն կարող։ Երբ որ Հայաստանը չի կարողանում իր սուվերեն տարածքի հետ կապված խնդիրները լուծել, երբ որ ամեն օր ադրբեջանցիները 100-200-ով մի կիլոմետր ներխուժում են Հայաստանի տարածք, ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները կարող են նման բարդագույն հարց քննարկել, ուղղակի լուրջ չէ։ Այս իշխանությունները չեն կարող նման հարց քննարկել։ Այս իշխանությունները պարտված իշխանություններ են և նրանք կարող են միայն ենթարկվել Ադրբեջանի կամքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG