Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը  արդեն հնացած մի կառույց է․ Հրաչյա Հակոբյան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան

Իշխող «Իմ քայլում» ցավով են ընդունել երեկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում առաջին նախագահի ելույթը։

Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով վերջին պատերազմի մասին, հայտարարել էր, թե պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, իսկ ավարտը նշանավորվել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ, որը, ըստ առաջին նախագահի, դարձավ Ղարաբաղի վերջը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է, թե ակնհայտ է, որ, անկախ Փաշինյանի հայտարարությունից, պատերազմ լինելու էր․ - «Քսանհինգ տարի Ադրբեջանը գումարներ է ծախսել ահռելի, զինել է իր բանակը։ Եվ երեսուն տարի նա զինում էր, թե երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ․․․ այսինքն եթե չասեր, անիմաստ էր հա՞ ինքը զինում իր բանակը։ Ուղղակի ցավում եմ, որ էդպիսի հայտարարություններն անում է մեր առաջին նախագահը»։

Ինքնահարցազրույցի ֆորմատը ընտրած Տեր-Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից, հայտարարեց՝ նախևառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ Ավելի վաղ էլ պնդել էր, թե Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։

Իշխանական պատգամավորը չի հասկանում, թե այդ ինչ սպառնալիք է, որ առաջին Առաջին նախագահին ստիպում էր դաշնակցել իր իսկ կողմից «ավազակապետ» անունը գործիչների հետ․ - «Ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանին համարում էր «ավազակապետ» և պայքարում էր ավազակապետերի դեմ։ Հիմա նա կարծես թե որևէ խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ․․․ Կապրենք՝ կտեսնենք ովքեր են ամենամեծ չարիքներ եղել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես եղավ, ինչի արդյունքում էր, որ 98 թվականից ավազակապետություն ստեղծվեց մեր երկրում, և Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին վերադարձավ, որպեսզի պայքարի այդ ավազակապետության դեմ։ Խիզախություն ունեցավ, հեռացավ իշխանությունից՝ երկիրը տալով ավազակապետերի՞ն»։

Տեր-Պետրոսյանը այս հարցի պատասխան էլ հնչեցրեց համագումարին․ - «Իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով»։

Իսկ երկրորդ և երրորդ նախագահների հետ ազգային համաձայնության դաշինքով ընտրությունների գնալու հրապարակային առաջարկի քննադատներին առաջին նախագահը պատասխանում է, թե այդպիսով ինքը լուծում էր թե՛ Քոչարյանի, թե՛ Փաշինյանի հարցը։

Լուծման բանալին իր առաջարկի մեջ շեղ տառերով գրված տողն էր այն մասին, որ երեք նախկին նախագահներից և ոչ մեկը որևէ պաշտոնի չէր հավակնելու․ - «Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Ուրիշ մոտիվացիա նա չունի։ Սերժ Սարգսյանի պարագան այլ է։ Նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում և, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ և հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում»։

Քոչարյանի գրասենյակից ողջ օրվա ընթացքում մեր զանգերը անպատասխան թողեցին, սակայն «Երևան թուդեյ» կայքի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից 76-ամյա Տեր-Պետրոսյանին փորձել էին պատասխանել նույն ոճով, ինչ Ռուսաստանի նախագահ Պուտինը ԱՄՆ 78-ամյա նախագահ Բայդենին՝ պարզապես առողջություն էին մաղթել․ - «Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին։ Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթները ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից Տեր-Պետրոսյանի հայտարարությունները մեկնաբանել չցանկացան։ Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին բարձրաձայնած ՀԱԿ-ը այդ որոշումը ֆորմալ առումով կընդունի վարչության առաջիկա նիստին։ Մասնակցելու դեպքում կուսակցության ցուցակը գլխավորելու է առաջին նախագահը։

«Իմ քայլում» ՀԱԿ-ին իրենց մրցակից չեն համարում։ «ՀԱԿ-ը արդեն հնացած մի կառույց է։ Այդ կառույցը ծերության նշաններ է ցույց տալիս, սկսել է մոռանալ նախկինում ինչ է խոսել, ինչ է ասել» (Հրաչյա Հակոբյան)։

Տեր-Պետրոսյանը վերջին անգամ հրապարակային ելույթ ունեցել էր իր ղեկավարած կուսակցության նախորդ համագումարին՝ 2016 թվականի դեկտեմբերին։ Նրա ելույթն ամբողջությամբ նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը:

XS
SM
MD
LG