Մատչելիության հղումներ

Ընտրությունները ժողովրդավարական ձեռքբերում կլինեն, եթե անցկացվեն առանց ապօրինի միջամտության փորձերի․ քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով արդյոք կհաջողվի՞ հաղթահարել պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը։ Այսօր մայրաքաղաքում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիների տեսակետները տարբեր էին։

«Կարելի է, եթե կարողանան համախմբվեն։ Մենք պետք է հասկանանք ու ճիշտ ընտրենք», - ասաց միջին տարիքի մի երևանցի։

«Իրականում ես ընտրությունների կազմակերպմանը չեմ վերաբերվում որպես մեր երկիրը ճգնաժամից հանելու գործոն։ Ես ավելի շատ դրան նայում եմ որպես հերթական Ռուսաստանի կողմից ղեկավարվող որևէ ծրագիր», - իր կարծիքը հայտնեց մի երիտասարդ։

Իսկ մի կին ասաց․ - «Ունե՞նք էնպիսի լիդեր, որ կարողանա էս իրավիճակից հանի։ Եթե ունենայինք, գոնե էս 30 տարին կփորձեր ինչ-որ բան անել»։

Ոմանք լարված ու թեժ ընտրական շրջան են կանխատեսում, մյուսները՝ հակառակը։

«Շատ լարված ա անցնելու գործընթացը։ Ճանաչելով նախկիններին, իմանալով իրենց անցյալը՝ միանշանակ շատ լարված ա լինելու», - ասում է երիտասարդ կինը։

Սրան հակառակ կարծիք էլ հնչեց․ - «Պետք է որ հանգիստ լինի։ Վեց ամիս ա կռիվ են անում, ինչի՞ հասան․․․»

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Հայաստանի ներկա և նախկին բոլոր ղեկավարները կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կգլխավորեն իրենց ընտրական ցուցակները։ Բացառություն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը չի լինի ընտրական ցուցակում, բայց նրա ղեկավարած հանրապետականը դաշինքով կմասնակցի ընտրություններին։

Նախընտրական քարոզարշավը հիմնականում կընթանա պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի տրամաբանությամբ, գուցե մթնոլորտը ավելի թեժանա, փոխադարձ մեղադրանքները է՛լ ավելի թունդ դառնան, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը. - «Առանձնապես այլ տարբերություն, կամ այլ փոփոխություն առկա իրավիճակից, ներքաղաքական բովանդակության իմաստով, էդքան էլ չեմ սպասում»։

Գալիք ընտրությունները, ըստ քաղաքական մեկնաբանի, ժողովրդավարական ձեռքբերում կլինեն, եթե անցկացվեն առանց ապօրինի միջամտության փորձերի, իսկ այդպիսի ռիսկ Բադալյանը տեսնում է։ Նրա խոսքով, Հայաստանը քաղաքական ու պետական կառավարման ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից անարդյունավետ ճանապարհ է անցել, և առանցքային է, որ երկրի իրավապահ մարմինները օպերատիվ արձագանքեն նման փորձերին․ - «Հետևաբար էստեղ իրավիճակը միշտ է զգայուն, ըստ այդմ իրավապահները պետք է աներկբա կառավարման կարողություն դրսևորեն էդպիսի իրավիճակներ թույլ չտալու համար»։

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ նաև կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ճանաչեն ազատ կամարտահայտման սկզբունքով անցկացված ընտրությունների արդյունքները, ինչ պատկեր էլ որ այն ցույց տա․ - «Հույս կա, որ եթե քաղաքական ուժերը ընդունել են արտահերթ ընտրության միջոցով քաղաքական էս ճգնաժամից գոնե մեկ քայլով դուրս գալու տարբերակը, հույս ունեմ, որ դա կարող է ցուցիչ լինել, որ նաև արդյունքն ընդունելու հարցում կլինի որոշակի չբարձրաձայնված կոնսենսուս կամ գիտակցում»։

Հակոբ Բադալյանի կարծիքով, եթե ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն, ու դրանից հետո որևէ քաղաքական ուժ կասկածի տակ դնի դրանց արդյունքները, կգործի Հայաստանի պետականության դեմ. - «Առանցքային է, որպեսզի ճանաչվի հասարակության կամքով ձևավորված քաղաքական պատկերը, որ Հայաստանը դուրս գա քաոտիկ իրավիճակից և ըստ այդմ, որոշակիորեն վերականգնի պետական իմունիտետը։ Որովհետև տեսնում ենք, թե մենք արտաքին ինչպիսի մարտահրավերների պայմաններում ենք գտնվում և ինչ գործընթացների պետք է դիմակայենք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG