Մատչելիության հղումներ

Ըստ ռազմագետի՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններով համատեղ զորամիավորման ստեղծման նախադրյալների հիմքն է դրվում


Ադրբեջանի տարածքում այսօրվանից մինչև ապրիլի 8-ը Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողները անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ կապավորների առջև դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունը ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու ուսումնա-ռազմական խնդիրներ։

Եվս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն էլ ապրիլի 8-9-ն է նախատեսված։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։

Սա կլինի թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ զորավարժությունը այս տարվա չորս ամիսների ընթացքում։ Նախորդ ամսվա կեսերին պլանային զորավարժություն էր. 10 000 անձնակազմ, մինչև 100 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր ավիացիոն միջոց, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Փետրվարին էլ Կարսում համատեղ զորավարժությունների ժամանակ նոր՝ հիմնականում հարձակողական զինատեսակներ ցուցադրվեցին։

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ զորավարժությունների այսպիսի հաճախականությունը գերազանցում է նախորդող տարիներին։ Ըստ մասնագետի՝ դրանց նպատակը երկուսն է՝ ապագայի ծրագիր՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորման ստեղծման նախադրյալների հիմքն է դրվում։ Երկրորդը՝ հոգեբանական գործոնն է։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը միայն Հայաստանի Հանրապետության դեմ է իրականացնում ռազմական գործողություններ, և այդ տանդեմը այլ պետություն որպես այդպիսին իր թիրախում չունի: Ավելին ասեմ՝ իրենք փորձում են ցույց տալ մկաններ, այդ իրավիճակով ազդել Հայաստանի Հանրապետության որոշումների վրա և իրենց համար կարևոր որոշումներ կորզել», - նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանը և Թուրքիան ոգևորված հաղթանակով ուժ են ցուցադրում։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանն էլ կիսում ռազմագետի այս կարծիքը՝ ընդգծելով՝ անհնար է այստեղ սպառնալիքի տարրեր չնկատելը։ Միևնույն ժամանակ հասցեատիրոջ հետ կապված վերապահումներ ունի։

«Դա արդյունք է այս պատերազմի ու արդյունք է նրա, որ Ռուսաստանը լքեց Հայաստանը, բայց շատ զարմանալի է, որ տուժած կողմը ոչ միայն մենք ենք, նաև կլինի Ռուսաստանը: Դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում», - նշեց Գրիգորյանը:

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են տարածաշրջանում դիրքավորվել։ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այսօր Ադրբեջանը նաև փորձելով շահել արևմուտքի համակրանքը՝ տարբեր ակնարկներ է անում. «Հիմա իրենք ասում են՝ չէ, մենք մենակ Հայաստանի դեմ չենք կռվել, նաև Ռուսաստանն է մեր դեմ կռվել, էդ էլ օգտագործել է մեր դեմ «Իսկանդեր»-ը, տեսեք ինչ նուրբ քայլեր են անում: Ցավով, ես մեր կողմից դա չեմ տեսնում, ավելին ասեմ՝ ես չտեսա նույնիսկ արձագանք այն խոսքերին, որ Պուտինն ասաց, որ Արցախը Հայաստանինը չի, Արցախը Ադրբեջանն է, էդ ապշեցուցիչ է»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները արտաքին քաղաքականությունում թույլ են, փորձի պակասը և մասնագետներին չլսելը էլ ավելի լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում Հայաստանին։ Մասնագետների պնդմամբ՝ անհասկանալի և միակողմանի են դառնում այս ֆոնին Հայաստանի իշխող օղակից հնչող կեցվածք փոխելու և տարածաշրջանում հարաբերություններ կարգավորելու ազդանշանները:

«Վերջերս հրապարակվեց Բաքվի կողմից մի քարտեզ, որտեղ Սյունիքի մարզն ընդգրկված էր Ադրբեջանի տարածքում, և այդ քարտեզը հրապարակվել էր հենց զինվորականների կողմից, այնպես որ «հարաբերությունների վերանայում» այդ հասկացությունը միակողմանի Հայաստանի կողմից է: Ճիտ չէ այդ քաղաքականությունը», - ասաց Հովհաննիսյանը:

«Բոլորը հասկանում են՝ եթե իրենք զենքով են գալիս, ո՞ր խաղաղության ծրագրի մասին է խոսքը: Ես կողմնակից եմ, որ Արցախի հարցը լուծվի բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով, բայց երբ որ քեզ ասում են, որ քո հայրենիքի մի մասը քոնը չի ու դու չես արձագանքում, դա լուրջ մարտահրավեր է», - ընդգծեց Գրիգորյանը:

Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին զուգընթաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ Կրեմլի՝ կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:

Ռազմագետ Հովհաննիսյանը կարծում է, որ հանդիպումներին ավելի կարևորություն ու կշիռ կտրվի, երբ ռուս-հայկական ուժերը ևս բանակցելուց բացի նաև զենք ցուցադրեն. «Ընդ որում՝ զորավարժություններ, կարծում եմ, պետք է լինեն ոչ թե երկու օր, երեք օր, մեկ շաբաթ, այլ առնվազն մեկ ամիս և ընդգրկեն բոլոր զորքերը»:

XS
SM
MD
LG