Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Կարսում


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարությունները 2020 թվականի օգոստոսին

Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։

Վարժանքները կշարունակվեն ավելի քան տասը օր։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», - օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։

Ձմեռային այս վարժանքները նորություն չեն․ մի քանի տարի է՝ երկու երկրների զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, սակայն, դրանց հանդեպ ուշադրությունը շատ ավելի մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։ Ռազմական փորձագետները հիշեցնում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Ղարաբաղում սկսվեց 44-օրյա պատերազմը, որին, ըստ մի շարք հաղորդումների, ուղղակի մասնակցություն են ունեցել նաև թուրք զինվորականները։ «Ձմեռ-2021»-ը ևս ուժի ցուցադրում է՝ Հայաստանը վախի մթնոլորտում պահելու համար», - կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։ «Հայաստանի սահմանների մոտ իրականացվող զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ», - օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

XS
SM
MD
LG