Մատչելիության հղումներ

Ալիևի պնդմամբ՝ Երևանն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևն այսօր ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։

«Ներկայումս ընթանում է սահմանի ճշգրտում, և հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանք է ցուցաբերում», - ասել է Ալիևը՝ հավելելով․ - «Այս առնչությամբ ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ ձևաչափով։ Հայաստանի վարչապետն այսօր արձագանքել է` երկու երկրները չունեն հարաբերություններ, ուստի բանակցություններին պետք է մասնակցի Ռուսաստանը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

XS
SM
MD
LG