Մատչելիության հղումներ

Պատերազմից 6 ամիս անց ինչու է սահմանն անպաշտպան. քննարկում են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները


Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը քննարկել ենք խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, երեկ ժամը 14-ին դրանք վերսկսվել էին։ Սակայն, թե ինչպես են դրանք ավարտվել, ինչ որոշումներ են կայացվել, պաշտոնական աղբյուրները դեռ լռում են։

Տաթևիկ Հայրապետյանի և Անի Սամսոնյանի հետ քննարկումից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն»․ - Հենց «Լուսավոր Հայաստանից» տեսակետ էր հնչում, որ «ինչպե՞ս կարող էին անարգել սահմանն անցնել և, օրինակ, չկալանավորվել ադրբեջանցի զինվորները»։

Անի Սամսոնյան․ - Այո՛, եթե մենք ունենայինք Զինված ուժեր տեղակայված այդ հատվածում, մենք կձեռնարկեինք այն գործողությունները, որոնք մենք կարող էինք ձեռնարկել, թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությամբ մեզ տրված ինքնապաշտպանության իրավունքով, թե՛ մեր Սահմանադրությամբ մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավուքնով։ Թե ինչու չեն եղել, մենք կքննարկենք հետո, հիմա դա մեր քննարկելու խնդիրը չէ, մեր անելիքն այլ է՝ ինչպե՞ս անել, որ նրանք վերադառնան իրենց տեղակայման դիրքեր։ Եվ, ըստ էության, սա ո՛չ արկածախնդրություն է՝ փոքրիկ ինչ-որ տեղանքով, ո՛չ մոլորվել են, ո՛չ հետախուզություն են անում, Ադրբեջանն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, սա կարճաժամկետ ծրագրի մի փոքր մասն է, որը հետագայում հանգեցնելու է շատ ավելի լուրջ, անկանխատեսելի հետևանքների։

«Ազատություն»․ - Օրինակ, ի՞նչ հետևանքներ եք Դուք կանխատեսում։

Անի Սամսոնյան․ - Օրինակ, Սյունիքը կտրել Հայաստանի Հանրապետությունից։ Ադրբեջանն իր անկեղծ հայտարարություններով մեզ անընդհատ հաղորդագրություն է ուղարկում, որ «իմ խնդիրն այսուհետ Սյունիքն է, ես լուծելու եմ Սյունիքի հարցը» և, ընդ որում, մարդիկ չեն խորշում ասել, որ իրենք դա լուծելու են բռնությամբ՝ բռնի ուժով։ Տեսեք, 30 տարվա ընթացքում ինչպես Ադրբեջանը փորձեց թե՛ միջազգային հանրությանը, թե՛ միջազգային կազմակերպություններում իրավական փաստաթղթերով, թե՛ հայտարարություններով համոզել, որ Արցախի մեր ազատագրած տարածքներն իրենց օկուպացված տարածքներն են, և հասավ նրան, որ միջազգային հանրության լռության ներքո կարողացավ բռնի ուժ կիրառել՝ սպառնալիքով վերցնել այդ տարածքենրը, հիմա նույն հայտարարություններով Ադրբեջանը փորձարկում է, թե ինչպես սա կմարսվի միջազգային հանրության կողմից և իհարկե մարտահրավեր է նետում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

«Ազատություն»․ - Տիկին Հայրապետյան, ձեզ ասում են՝ «պատերազմի ավարտից 6 ամիս է անցել», արդարացի հարցադրում չէ՞, առաջնագծում ինչո՞ւ էր նման իրավիճակ։

Տաթևիկ Հայրապետյան․ - Ես կարծում եմ, որ դրա պատասխանն անվտանգության խորհրդի քարտուղարն է տվել, ես հասկանում եմ, որ շատ հաճախ մարդկանց համար անընդունելի են պարզաբանումները, թե ինչու համապատասխան կահավորանք չկա, բայց նաև օբյեկտիվ պատճառներ էլ կան դրա հետ կապված՝ բնակլիմայական պայմաններ էլ կան, ես ինքս ունեմ դրա հետ կապված հարցեր, նույնիսկ վարչապետն իր ելույթում նշեց այն մասին, որ մենք դեռ կհասկանանք, թե ինչու ստեղծվեց այս իրավիճակը, որտեղ էին թարացումներն այդ առումով, բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ նույնիսկ հատվածներ կան, որոնք դժվարանցանելի են և մինչև գարուն գրեթե անանցանելի էին և շատ հաճախ այդտեղ նույնիսկ ադրբեջանցի զինվորներ էլ չկան, և եթե նպատակը սադրանք հրահրելն է, հաստատ կգտնվի այդ երկար սահմանի տարածքով հատված, որտեղով ուղղակի հնարավոր կլինի անցնել և ստեղծել նման իրավիճակ, եթե նպատակը սադրանքի գնալն է։ Փաստացի այն պահին, երբ երկիրը գնում էր քաղաքական ճգնաժամի լուծման, հանգուցալուծման, տեսեք, մայիսի 10-ին խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց, 12-ին եղավ այս սադրանքը․ և ես այդտեղ ուժեղ կապ եմ տեսնում, այիսնքն, երբ մեր երկիրը գնում էր կայունացման ճանապարհով՝ ընտրությունների, ըստ էության, ադրբեջանական կողմը գնում է սադրանքի, այն հաշվարկով, որդ ա պետք է ներքաղաքական լուրջ խնդիրներ առաջացնի Հայաստանում, իսկ պարզ է, հակառակորդի տեսանկյունից, եթե հակառակորդ երկրում ներքաղաքական բարդ իրավիճակ է, փոխադարձ գզվրտոց է և սահմանը թողած մայրաքաղաքում իրար կոկորդ են կրծում, շատ ավելի հեշտ է իր խնդիրները լուծել։

Նախ շատ ողջունում եմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և խմբակցության ղեկավարի դիրքորոշումը, որովհետև փաստացի նրանք իսկապես հանդես եկան պետականամետ դիրքերից։ Բնական է՝ իրենք ունեն բազմաթիվ քննադատություններ իշխանությունների հասցեին և դա կդրսևորվի նախընտրական շրջանում, բայց, երբ որ պահ կա, երբ որ սպառնում են պետության սահմաններին, ես կարծում եմ, որ քաղաքացիներն իրենց գալիք ընտրությունները հաշվի առնելով պետք է տեսնեն նույն ընդդիմության հետ կապված, թե որ ընդդիմադիր ուժն, ինչ դիրքորոշում է որդեգրել։

«Ազատություն»․ - Տիկին Հայրապետյան, հասկանալի է Ձեր տեսակետը, բայց տիկին Սամսոնյանը նոր խոսեց Ադրբեջանից հնչող գնահատականների, նաև որ իրենց ախորժակը չեն թաքցնում Սյունիքի մասով, եթե ադրբեջանական զորք է մտնում Հայաստանի սահման, ընդ որում, ոչ մեկ ուղղությամբ՝ երեք ուղղություններով են մտնում, նրանց հովիվներն են դիմավորում, սա ի՞նչ է, տիկին Հայրապետյան, Դուք ասում եք, որ ներքաղաքական ճգնաժամ կա, իշխանությունը զբաղված է այդ ճգնաժամը լուծելով, բայց այդ արտաքին հայտարարությունները՝ արտաքին անվտանգության առումով, իշխանությունը հենց դրա համար չէ՞, որ բոլոր առումներով կարողանա վիճակը վերահսկել։ Օրինակ՝ Դուք գնահատո՞ւմ եք այդ հնչող հայտարարությունները և դրանք ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հենց գործողության մեջ։

Տաթևիկ Հայրապետյան․ - Դուք իրավացի եք, իշխանությունը պետք է կարողանա բոլոր խնդիրներով զբաղվել, բայց ժամանակին նույն Գլխավոր շտաբը զբաղված էր իշխանությունների հրաժարական պահանջելով և ի վերջո կարևոր գործառույթ է կատարում պաշտպանական հարցում Գլխավոր շտաբը, այսինքն, մինչև այդ ճգնաժամը հանգուցալուծվեց, ահագին ժամանակ անցավ նաև Սահմանադրության բոլոր կարգերի համապատասխան։ Ես ոչ թե արդարացնելու համար եմ դա ասում, այլ նաև օբյեկտիվ պատճառներով ստեղծված իրավիճակի արդյունք է սա, իսկ այն, որ Ադրբեջանից հնչում են նմանատիպ հայտարարություններ և Իլհամ Ալիևի մակարդակով, այսինքն, նախագահի մակարդակով, նոր էլ տեսա, որ պատգամավորներից մեկն է նույնիսկ առաջարկում արդեն սիմվոլներ հրապարակել Զանգեզուրի և Սևանի հետ կապված, որովհետև իրենք գնում են արդեն երկրորդ արարին, երկրորդ գործողությանն այդ քայլի, այսինքն՝ այս պարագայում մենք ընդհանրապես իրավունք չունենք թերագնահատել, թե ինչ սպառնալիք է գալիս Բաքվից, և ես դա նաև իմ հանրային ելույթներում եմ բազմիսց շեշտել, որ եթե մենք չկարողանանք ճիշտ վերակազմակերպվել, մեր ձևով առաջ գնալ և զբաղվել պաշտպանական խնդիրներով, մենք իսկապես բարդ մարտահրավերների առաջ կկանգնենք։

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG