Մատչելիության հղումներ

Խնդիրը լուծված չի համարվի, մինչև Ադրբեջանի զինուժը չվերադառնա ելման կետ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան


Անվգանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» տաղավարում

Սյունիքում և Գեղարքունիքում կատարվողի վերաբերյալ «Ազատությունը» զրուցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն  Գրիգորյանի հետ։

«Ազատություն» - Նախ վերջին տեղեկությունները։ Արդյո՞ք բանակցությունները արդյունք տվել են։

Գրիգորյան - Դեռևս ամբողջական արդյունք չեն տվել։ Էս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը հետ վերադառնան ելման կետ։ Մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը։ Ընդհանուր առմամբ, մեր առջև դրված խնդիրը հենց սա է։

«Ազատություն» - Նոր տեղաշարժեր եղե՞լ են։

Գրիգորյան - Բնականաբար տարբեր ուղղություններով փորձում են շարժեր կատարել։ Առաջ գալ չի եղել, բայց ընդհանուր շարժեր եղել են։ Բնականաբար, մեր բանակը ևս շարժ կատարում է և վերահսկողության տակ է վերցնում բոլոր այդպիսի շարժերը։ Էս պահին կա, էսպես ասած՝ ընդհանուր առմամբ ակտիվ գործունեություն մեր բանակի կողմից, և համոզված ենք, որ շատ շուտով խնդիրը կկարողանանք կարգավորել։

«Ազատություն»- Այսինքն՝ այս ընթացքում, մինչ ընթանում են բանակցությունները, էլի ինչ-որ ուղղություններով փորձել են առաջ գալ։

Գրիգորյան․ - Սա չպետք է ընդհանրապես դիտել որպես լոկալ մի գործողություն։ Օրինակ՝ Սև լճի ուղղությամբ ինչ-որ մի գործողություն։ Սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ադրբեջանը, բնականաբար, սա մենակ չի կատարում, Ադրբեջանին օգնում են իր դաշնակիցները, և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապակայունացման գործընթացի տրամաբանության շրջանակներում է։ Այդ իսկ պատճառով չպետք է դիտել զուտ մեկ տեղում ինչ-որ մի իրադրություն։ Մենք գնահատում ենք ընդհանուր իրավիճակը։ Հենց դա է պատճառը, որ մենք չենք ընկալել սա, չենք գնահատել սա որպես լոկալ գործողություն։ Այդ իսկ պատճառով դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Եթե դա լիներ լոկալ միջադեպ, բնականաբար մենք ՀԱՊԿ-ին չէինք դիմի։ Բայց դա լոկալ միջադեպ չէ, և վարչապետը երեկ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է դրա պատճառները, թե ինչու ենք դիմում ՀԱՊԿ։

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ է դիմել Ադրբեջանը այդ սադրանքին։

Գրիգորյան․ - Բնականաբար, 94 թվականից պարբերաբար Ադրբեջանը սադրանքների է դիմում։ Նպատակը Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողություններն են։ Փորձել բարելավել դիրքերը․․․ Բայց ընդհանուր առմամբ, նաև Հայաստանի հանդեպ ագրեսիա ցուցադրելը։

«Ազատություն»․ - Ճնշո՞ւմ գործադրել։ Նկատի ունեմ, ինչ-որ բան կորզել դրա դիմաց․․․

Գրիգորյան․ - Շարունակաբար կորզեն․․․ Իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարության ընկալումները այլ են, բայց դրա արդյունքում Ադրբեջանը ստացել է իր տարածքում հավելյալ երկու զորք, երկու պետության զորք, և բնականաբար, գոհ չէ ստեղծված իրավիճակից։ Եվ Ադրբեջանը շարունակաբար փորձելու է իր ներքին խնդիրները արտաքին դաշտ տեղափոխել և արտաքին դաշտում իր հանրության ուշադրությունը պահել։

«Ազատություն»․ - Գուցե միջանցքն է ուզում Սյունիքի այս ճանապարհով․․․

Գրիգորյան․ - Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցք բառ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չի եղել և չի կարող լինել։ Ապաշրջափակումը համընդհանուր բնույթ պետք է ունենա։ Դա չի նշանակում, որ մեկ ուղիղ ճանապարհ պետք ա լինի։ Եթե ապաշրջափակումը տեղի ունենա, Ադրբեջանը հնարավորություն կունենա օգտվելու Հայաստանում գործող ճանապարհներից։ Եվ միջանցքի որևէ քննարկում չի կարող լինել։ Ի դեպ, միջանցքի խոսույթը Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված է։ Վերցրեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը և էդպիսի որևէ բառ չեք գտնի։ Եվ մենք, և բոլորը հայտարարում են պարբերաբար, որ մենք բոլորս մնալու ենք նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։ Եվ նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս ցանկացած հայտարարություն նշանակում է խոչընդոտել ընդհանուր գործընթացին։

«Ազատություն»․ - Այս պահին խոսքը վարչապետի նշած 250 ադրբեջանցիների մասի՞ն է դեռ։

Գրիգորյան․ - Այո։

«Ազատություն»․ - Ինչ-որ վերջնաժամկետ տրվե՞լ է Ադրբեջանին։

Գրիգորյան․ - Բանակցությունները ընթանում են, ՀԱՊԿ-ի շրջանակներում ևս գործընթաց է սկսված։ Եվ ըստ դրա, կարծում ենք, որ լուծումներ են լինելու։

«Ազատություն»․ - Ռուսական կողմը մասնակո՞ւմ է բանակցություններին։

Գրիգորյան․ - Այո, ռուսական կողմը ևս մասնակցում է։ Նաև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմել է Ռուսաստանին։ Բացի ՀԱՊԿ ֆորմատը օգտագործելուց, մենք նաև դիմել ենք Ռուսաստանին, որպեսզի այս մեխանիզմը ևս գործարկենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG