Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ են ընդունվում, դրանց մեծ մասն ուժի մեջ կմտնի հունվարից


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Հինգշաբթի երեկոյան հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը ձայների 82 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ նախագիծը քվեարկության կդրվի արդեն այսօր երեկոյան։

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խիստ կարևոր համարեց, որ նախագիծն ընդունվի 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից մինչ այն կարձակվի, չնայած նախագիծն, ըստ իշխանական պատգամավորի, չի պարունակում որևէ դրույթ, որը կկիրառվի հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Այս պահի դրությամբ նախագիծը չունի որևէ կետ, որ ուժի մեջ կմտնի հունիսի 20-ին ընդառաջ», - ասաց Դանիելյանը։

Ընտրական օրենսգիրքը փոխելու և լրացնելու մտադրության մասին իշխանությունների հայտնում էին դեռ 2018-ին՝ հեղափոխությունից հետո, բայց այն շրջանառության մեջ դրվեց միայն այս տարվա մարտին։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ընտրական անցողիկ շեմերի նվազեցմանը, քարոզարշավի ընթացքին և այլն. – «Շատ կարևոր փոփոխություն է շեմերի հետ կապված փոփոխությունը, որով նախատեսվում է, որ կուսակցությունների շեմերը 5 տոկոսից իջեցվում են 4 տոկոսի։ Միևնույն ժամանակ, դաշինքների հետ կապված՝ կա փոփոխություն աճման միտումով․ մինչև երեք կուսակցությունների դաշինքների կազմման դեպքում 8 տոկոսն է անցողիկ շեմը, իսկ չորս և ավելի կուսակցությունների դեպքում դաշինքի պարագայում 10 տոկոսն է անցողիկ շեմը»։

Մեկ ամիս առաջ ի սկզբանե հենց այս նախագծում ներառված ռեյտինգային ընտրական համակարգից պարզ համամասնականին անցնելու վերաբերյալ դրույթներն Ազգային ժողովն արդեն ընդունել է ամբողջությամբ․ սա նշանակում է, որ հունիսի 20-ին սպասվող արտահերթին քաղաքացիներն այլևս չեն ընտրի տարածքային թեկնածուների, կքվեարկեն միայն կուսակցությունների կամ դաշինքների օգտին։

Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրական գործընթացը խոչընդոտողների համար։

«Էս նախագիծը էնքան վաղ է շրջանառվել, որ եթե մենք նորմալ ընթացակարգով գնայինք, վաղուց արդեն ընդունված պետք է լիներ», - նշեց Դանիելյանը։

«Փաթեթը շատ առաջադիմական փոփոխություններ է նախատեսում», - կարծիք հայտնեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։ «Հատկապես կուզենայի շեշտել նախընտրական քարոզչության ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը միտված փոփոխությունները, հանրային ծառայությունում կատարվող՝ հանրային ծառայողի քաղաքական գործունեության կարգավորմանը միտված կարգավորումները», - ասաց փոխնախարարը։

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը իմքայլական Համազասպ Դանիելյանին հարց ուղղելիս մատնանշեց նախագծում կատարված փոփոխությունները, որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հանրային քննարկման չեն դրվել՝ չնայած ի սկզբանե կարևորվել էր նախագծի ներառականությունը։

«Նախագիծը անընդհատ փոփոխվել է, ու վերջին նույնիսկ մեր քննարկումից հետո, երբ Ծաղկաձորում դա տեղի ունեցավ, էլի փոփոխություններ են եղել սրա մեջ։ Վերջին տարբերակը, որ արդեն պետաիրավականում ներկայացվել էր, արդեն էլի փոփոխված էր էն տարբերակից, որ մենք ունեինք։ Փաստորեն, այսօր մենք քննարկում ենք մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել, որը որևէ կերպ վերջնական իր տեսքով հանրային քննարկման չի դրվել», - հայտարարեց Գորգիսյանը։

«Երբ որ Դուք ասում եք, որ փետրվարից հետո եղած նախագիծը փոխվել է՝ այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սևագիր, որի հետ կապված ես մինչև այսօր որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել։ Բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել», - արձագանքեց Դանիելյանը։

Այս փաթեթի դրույթների մեծամասնությունը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից։ Նախագիծն ավելի վաղ ստացել էր Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG