Մատչելիության հղումներ

Համազասպ Դանիելյանը նախագահի՝ ԸՕ փոփոխությունների օրենքը չտորագրելու որոշումը ոչ կառուցողական է համարում


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, արխիվ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, արխիվ

Ընտրականից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը չստորագրելու՝ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը իշխող ուժի պատգամավոր Համազասպ Դանիելյանը ոչ կառուցողական է համարում։

«Միանշանակ է, որ այստեղ օր առաջ այդ մեկ փոփոխության, շատ կոնկրետ փոփոխության ստորագրումը հնարավորություն էր տալու ավելի պակաս ցնցումներով իրականացնել ընտրական ռեֆորմ արտահերթ ընտրությունների նախօրեին, բայց, ցավոք, նախագահը ինչ-ինչ պատճառներով նախընտեց գնալ այլ ճանապարհով», - նշեց Դանիելյանը:

Նախագահ Սարգսյանը չի ստորագրել օրենքը, բայց և չի ուղարկել Սահմանադրական դատարան. նախագահականում արձանագրել են՝ օրենքն առերևույթ խնդրահարույց չէ։ Սակայն նախագահը դրա վերաբերյալ դիտարկումներ ունի։ Սարգսյանն ակնարկում է՝ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։ Բացի այդ, օրենքը Ազգային ժողովում ընդունվել է քաղաքական մեծամասնության քվեարկությամբ։

Նախագահը նաև Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանն է հղում կատարում. «Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ ընտրական համակարգի կայունությունը կարևորագույն սկզբունքներից է, կարևոր է նաև ունենալ բավարար ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորքային և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ իրականացնելու համար»:

Մինչդեռ, ըստ Համազասպ Դանիելյանի, նախագահի դիտարկումները հիմնավոր չեն։ Շեշտում է՝ քվեարկությանը մասնակցել են նաև անկախ պատգամավորները, բացի այդ՝ ընդդիմադիրներն էլ դեմ չեն քվեարկել դրան։ Ընդդիմադիրները, հիշեցնենք, չէին մասնակցել քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» քննադատել էր փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստանը»՝ հայտարարել, թե իրենց համար միևնույն է ինչ ընտրակարգով կանցկացվեն առաջիկա ընտրությունները։

Դանիելյանն էլ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի մեկ այլ որոշման է հղում անում, որն արդարացնում է իրենց քայլը։

«Առաջինը, որ այդ ժամկետային սահմանափակումը չի կարող համարվել ավելի կարևոր սկզբունք, քան մնացած սկզբունքները, երկրորդը, որ էդ ժամկետային սահմանափակումը չի կարող պատրվակ համարվել որևէ երկրի իշխանությունների համար, որպեսզի վերջիններս չիրականացնեն նույն Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները կամ համապատասխանեցնեն երկրի օրենսդրությունը եվրոպական լավագույն պրակտիկային, ինչին միտված են նաև այս փոփոխությունները», - նշեց պատգամավորը:

Սահմանադրության համաձայն, եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն՝ 5-օրյա ժամկետում։ Ուժի մեջ մտնելուց հետո հունիսին 20-ին սպասվող ընտրություններում քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաև իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Արդեն հաջորդ շաբաթ էլ իշխող խմբակցությունը նախատեսում է խորհրդարան բերել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ավելի ծավալուն նախագիծը։

Իսկ արդյոք հնարավո՞ր է այս կարճ ժամանակահատվածում ընդունել նաև այդ փոփոխությունները։ Դանիելյանն ասում է` իրենք արագացված ռեժիմով գուցե քննարկեն առաջարկվող փոփոխությունները։ Նույնիսկ եթե փոփոխությունները ընդունվեն, դրանց որոշ դրույթներ չեն կիրառվի հունիսի 20-ին նախատեսված ընտրություններում՝ ժամանակի պատճառով։

«Ես անձնապես նախագահին առաջարկել եմ, որ շրջանառված նախագծի բովանդակությանը ծանոթանալու պարագայում ներկայացվեն դիտարկումները, մտահոգությունները նախապես, որպեսզի մենք կարողանանք դրանք հաշվի առնել, ինչը ըստ էության կարող է կանխել ժամանակի երկարաձգումը այս կարևոր հարցի շուրջ», - ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Առաջարկվող տարբերակով, մասնավորապես փոխվելու է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8, բայց այդ դրույթների ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո, ասում է Դանիելյանը։ Ընդդիմադիր «Լուսավորի Հայաստանից» իշխանականների որոշումն աբսուրդ են համարում։

«Ինչ հիմա իրանք անում են, փորձում են ինչ-որ կերպ արդարացնեն իրենց կերած գրանտները: Ոչ մի կապ Հայաստանի Հանրապետության շահերի հետ իրանց արածը չունի, ոչ մի կապ ընտրական պրոցեսների բարելավման հետ չունի», - նշեց ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը:

Իսկ «Բարգավաճ Հայաստանից» իշխանականների նախաձեռնությանը չեն ցանկանում անդրադառնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG