Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ստորագրեց Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արխիվ

Հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Ազգային ժողովի նախագահն այսօր ստորագրեց Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը։

Ավելի վաղ այն չէր ստորագրվել նախագահի կողմից, բայց և չէր էլ ուղարկվել Սահմանադրական դատարան։ Արմեն Սարգսյանն իր քայլը հիմնավորել էր մի քանի պատճառով, այդ թվում, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական ու քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, մինչդեռ, ճիշտ հակառակ գնահատականներն էին տվել օրենքի վերաբերյալ անցած շաբաթ հրապարակած համատեղ կարծիքում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ էր վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանն այդ պատճառով երեկ հրաժարական տվեց, սակայն շարունակում է կատարել գործադիրի ղեկավարի պարտականությունները։

Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2018-ին տեղի ունեցած նույն Փաշինյանի ելույթից մեջբերում անելով, պնդում է, թե վարչապետի պաշտոնակատար չի կարող լինել։ Ընդդիմադիր պատգամավորին իշխող ուժից Վլադիմիր Վարդանյանն է հակադարձում` Սահմանադրությամբ նման որևէ արգելք չկա։

«Ես չգիտեմ՝ ինչ իրավաբանների մասին է խոսքը եղել 18 թվականին, երկրորդ, 18 թվականին իրավիճակը մի փոքր այլ է եղել, և պետք է հաշվի առնել նաև այն կարևոր հանգամանքը, որ այս գործընթացը՝ վարչապետի հրաժարականը, ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ հրաժարական է, որն անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվի: Եվ իշխանության վակուումից խուսափելու համար, իհարկե, գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը», - ասաց Վարդանյանը:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարձակվի, երբ խորհրդարանը երկու անգամ չի ընտրի վարչապետի թեկնածուի, դրանից հետո էլ կնշանակվեն արտահերթ ընտրություններ։

XS
SM
MD
LG