Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում հնարավոր են նոր փոփոխություններ․ Լիլիթ Մակունց


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում հնարավոր են նոր փոփոխություններ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով, այն դրույթները, որոնց հետ կապված Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմին Վենետիկի հանձնաժողովից դրական կարծիք կներկայացվի, և որոնք տեխնիկական պատրաստվածության առումով բարդություններ չեն առաջացնի ևս կփոփոխվեն մյուս ուժերի հետ քննարկելուց հետո։

«Երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այն ժամանակ նաև կքննարկենք այդ հարցը, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար և որոնք կհետաձգվեն։ Դա արդեն խորհրդարանում կքննարկվի և կորոշենք։ Նաև պետք է հաշվի առնել այս համատեքստում, թե որքանով է իրատեսական այդ փոփոխությունները իրականացնել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետև որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը։ Եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն, որևէ խոչընդոտ չեն ստեղծի, ավելի կպարզեցնեն ընթացակարգերը, ապա կընդունենք դրանք, եթե ոչ, ապա կթողնենք հետագայի համար», - ասաց Մակունցը։

«Ազատության» հարցին, թե արդյոք նույնը կմնա անցողիկ շեմերին վերաբերող դրույթը, իշխող խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Անխտիր բոլոր դրույթները քննարկելի են մեր գործընկերների հետ խորհրդարանում։ Եթե կլինի դրույթ, որոնք իրենք գտնում եմ, որ հենց այս պահին պետք է իրականացնել, մենք խնդիր չենք տեսնում»։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին, ապա մայիսից շուտ իշխող ուժը դրան, ըստ Մակունցի, չի անդրադառնալու:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Փաշինյանը հրաժարական ներակայացնի, և Ազգային ժողովը երկու անգամ նոր վարչապետ չընտրի։ Այս մասով քաղաքական պայմանավորվածություն կա խորհրդարանակն ընդդիմության հետ։ Վարչապետի հրաժարականը նախատեսված է ապրիլի վերջին, իշխանությունները սակայն կոնկրետ օր դեռ չեն նշում։

«Նաև մեխանիզմը կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը, և կներկայացնենք հանրությանը», - փոխանցեց Մակունցը՝ չբացառելով, որ լինեն նոր անուններ։

Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որով հանվեցին ռեյտինգային ցուցակները, այսպիսով արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով:

«Լուսավոր Հայաստանը» կտրականապես դեմ է խաղի ցանկացած կանոնի փոփոխության։ «Բարգավաճ Հայաստանի» համար միևնույն է, թե ինչ փոփոխությունների կենթարկվի օրենսգիրքը էականը այն է, որ ընտրությունների օրը փոփոխության չենթարկվի:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը ասաց, որ, չնայած առանց իրենց համայանության օրենսգրքում փոփոխություններ արվեին, իրենք գնալու են արտահերթ ընտրությունների և պայմանավրովածության համաձայն Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու․ - «Միակ պայմանավորվածությունը արտահերթ ընտրություններն անցկացնել հստակ, սեղմ ժամկետում։ Եվ մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որպեսզի որևէ պահից հետքայլ լինի կամ նահանջ այս օրակարգից»։

Պատասխանելով նախընտրական ցուցակին վերաբերող հարցին՝ Սամսոնյանն ասաց․ - «Ցուցակ պատրաստելը, ես կարծում եմ, որ հիմա սխալ է։ Այդ աշխատանքները մենք չենք տանում, որովհետև նախ և առաջ վարչապետը պիտի հրաժարական տա, և մենք հասկանանք արդյոք արտահերթ ընտրությունները լինելո՞ւ են, թե՞ ոչ․․․ Մենք ոչինչ չենք բացառում, բայց միևնույն ժամանակ, եթե որևէ մեկի հետ պայմանավորվածություն ես ձեռք բերում, ես կարծում եմ, սխալ խոսակցություններն են սկսել մտածել այն մասին, որ նա կխախտի պայմանավորվածությունը»։

«Բարգավաճ Հայաստանից» փոխանցում են, որ իրենց ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ արտահերթ ընտրությունների հետ կապված մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են, և այս փուլում նախընտրում են այդ մասին չխոսել։

Նկատենք բարգավաճը մաս է կազմում վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենքի փրկության շարժմանը։ Ընդդիմադիր ավելի քան 10 ուժերի միավորող շարժումը շուրջ մեկ ամիս Ազգային ժողովին հարակից Դեմիրճյան փողոցը փակ պահելուց հետո օրեր առաջ որոշեց բացել այն և հայտարարեց մարզային այցեր սկսելու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG