Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը չի սառեցնում ֆինանսական օժանդակությունն Ադրբեջանին․ ամերիկահայերը հիասթափված են


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Չնայած նախընտրական հայտարարություններին, ամերիկահայերին ու կոնգրեսականներին տրված խոստումներին` Ջո Բայդենի վարչակազմը չի սառեցնի ֆինանսական օժանդակությունն Ադրբեջանին, գրում է Վաշինգտոնում լույս տեսնող The Hill պարբերականը: Ճիշտ հակառակը, ըստ հրապարակման, գործող վարչակազմը, հետևելով իր նախորդների օրինակին, արդեն իսկ ծանուցում է ուղարկել Կոնգրես` Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ լրացումը սառեցնելու մասին:

Նախ` «Ազատությանն աջակցության ակտի» թիվ 907 լրացման մասին. օրենսդրական այդ դրույթն ուժի մեջ է մտել 1992-ին` Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին: Հոդվածն արձանագրում է` ամերիկյան կառավարությանը չի կարող Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել , քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար: Կարճ, բայց` խստապահանջ այդ բանաձևի պատճառով Ադրբեջանը մոտ տասը տարի Ամերիկայից օժանդակություն չէր ստանում՝ ի տարբերություն ԱՊՀ մյուս բոլոր պետությունների:

2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, սակայն, Ջորջ Բուշ կրտսերն արգելանքը շրջանցելու ձև գտավ` ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վկայաբերելով: Ընդունվեց ևս մեկ լրամշակում, ըստ որի՝ նախագահը կարող է սառեցնել թիվ 907-ը, միայն թե դրա համար յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր վարչակազմ պարտավոր է հիմնավորել, որ Բաքու ուղարկվող գումարներն օգտագործվելու են միայն ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ, դրանք որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ:

Այս տարվա հիմնավորումները, ըստ The Hill պարբերականի, պետքարտուղար Բլինքենը Կոնգրես է ուղարկել ապրիլի 26-ին` նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից երկու օր անց:

«Սա խորապես հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին. Բայդենի պատմական որոշումը նաև ենթադրում է, որ Ամերիկան պետք է դադարեցնի Ադրբեջանի զինումը և չնպաստի Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու Ադրբեջանի նկրտումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ընդդիմախոսները հիշեցնում են` նախագահ Բայդենն ի՛նքն էր քննադատել իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում որդեգրած պասիվության համար՝ պահանջելով ճնշում գործադրել և կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Ղարաբաղ: «Վարչակազմը պետք է ամբողջությամբ կյանքի կոչի 907-րդ լրացումը` դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան», - պատերազմի օրերին հայտարարել էր այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

Նախագահական ընտրություններից ու Բայդենի հաղթանակից հետո այդ տեսակետը նաև պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն էր պաշտպանել` կոնգրեսական լսումներում: «Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, կակտիվացնեմ ԱՄՆ ջանքերը` գտնելու Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը», - ասել էր Բլինքենը` հավաստիացնելով, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է հարկ եղած դեպքում գործի դնել թիվ 907 լրացումն ու դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը:

Այս տարվա փետրվարին ավելի քան հարյուր կոնգրեսականներ` թե՛ դեմոկրատական, թե հանրապետական ճամբարներից, կոչ էին արել նոր վարչակազմին հավատարիմ մնալ այդ խոստումներին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և կասեցնել ամերիկյան օժանդակության տրամադրումը Բաքվին:

Անցած շաբաթ, սակայն, պարզ դարձավ, որ Բայդենի վարչակազմն առայժմ չի պատրաստվում կտրուկ փոփոխությունների գնալ: Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահական նստավայրը հաղորդեց` Իլհամ Ալիևի հետ առաջին հեռախոսազրույցում պետքարտուղարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օժանդակությունը Բաքվին:

Թե որքան գումար է նախատեսում նոր վարչակազմը, առայժմ հստակ չէ: Անցած տարի` Դոնալդ Թրամփի օրոք, Ադրբեջանն այս ճանապարհով շուրջ 120 միլիոնի օգնություն էր ստացել, ընդ որում՝ այն ժամանակ ևս կառավարությունը Կոնգրեսին հավաստիացրել էր, որ այդ գումարները որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ: Պատերազմից հետո սա դարձել էր ամենաքննարկվող հարցերից մեկը ամերիկյան մամուլում. - «Արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չէր մոտալուտ պատերազմից, Պետդեպը ստո՞ւմ էր, երբ պնդում էր, թե Բաքուն հանձնառու է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - հրադադարից հետո հարց էր բարձրացրել National Interest-ը` քննադատելով նախագահ Թրամփին:

Այժմ հարցերը Բայդենի վարչակազմի առջև են դրվում։ «Հայաստանը դեռ քննադատում է Ադրբեջանին` հայ գերիներին ու ձերբակալվածներին պահելու համար», - գրում է The Hill պարբերականը:

XS
SM
MD
LG