Մատչելիության հղումներ

Բլինքենը Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի շարունակումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Էնթոնի Բլինքենի առաջին շփումն է Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը անցած երեք ամիսներին Հարավային Կովկասի երկրների ղեկավարներից հեռախոսազրույց էր ունեցել միայն Հայաստանի վարչապետի հետ։

Բլինքեն-Ալիև առաջին շփման բովանդակության մասին կողմերի հաղորդագրությունները տարբեր են։

Ամերիկյան կողմի համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մարդու իրավունքները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը։

«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևն ընդգծել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունն ու քննարկել մի շարք հարցեր: Պետքարտուղարը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», - ասված է ամերիկյան Պետքարտուղարության հաղորդագրությունում։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերն ավելին էին՝ հետպատերազմյան իրավիճակից մինչև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ջո Բայդենի հայտարարություն։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը ամերիկյան դիվանագիտության ղեկավարին է ներկայացրել պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը, նշել, որ Բաքուն աշխատանքներ է իրականացնում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման ուղղությամբ։ Այդ համատեքստում ադրբեջանական կողմը վերջին ամիսների ավանդույթի համաձայն չի նշում, թե զրուցակիցը «պատրաստակամություն է հայտնել իր երկիրը ևս մասնակից դարձնել այդ աշխատանքներին»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել», - նաև ասվում է այդ հաղորդագրությունում։ Բաքուն չի նշում, թե ինչ է պատասխանել Ալիևը ամերիկացի զրուցակցին, երբ վերջինս կարևորել է միջնորդների հետագա գործունեությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի առաջնորդը շարունակաբար հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, հետևաբար միջնորդները անելիք չունեն։ Պատերազմի ավարտից, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո համանախագահները մինչ օրս չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, Բաքու կատարած նրանց այցն էլ սկանդալային ընթացք է ստացել, ինչից հետո է՛լ ավելի սուր դրվեց միջնորդների հետագա գործունեության հարցը։ Այդ հանդիպմանը Իլհամ Ալիևը հյուրերին հիշեցրել է, որ վերջիններս ժամանել են սեփական նախաձեռնությամբ և ոչ իր հրավերով, մեղադրանքներ է հնչեցրել համանախագահների հասցեին, պնդելով, որ Բաքուն խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ միջնորդները շուրջ երեք տասնամյակ ոչինչ չեն արել։

Նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերից մեկին՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին անդրադառնալով, ըստ ադրբեջանական կողմի՝ Բլինքենը խոստացել է ժամանակավորապես դադարեցնել Բաքվի համար ամենացավոտ ամերիկյան որոշումներից մեկը՝ «Ազատությանն աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը 1992 թվականից ի վեր արգելում է ամերիկյան կառավարությանը Ադրբեջանին որոշակի տեսակի օգնության տրամադրել՝ ի պատասխան Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և հետո հայկական կողմի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական շրջափակման։ Ամերիկյան կողմն այդ մասին ոչինչ չի հաղորդում։

Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս կողմերը նաև կարևորել են դրանց ամրապնդումը, համագործակցության խորացումը՝ այդ թվում էներգետիկ և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում։

Ի դեպ, երկկողմ համագործակցության ոլորտների ցանկը թերևս նոսրանա․ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը տարիներ շարունակ կարևոր նշանակություն ուներ նախ և առաջ որպես տարանցիկ երկիր, քանի որ հենց Ադրբեջանով էին անցնում դեպի Աֆղանստան ամերիկյան զորքի համար մատակարարումները։ Այժմ, երբ նախագահ Ջո Բայդենը որոշել է ամերիկյան զորքը դուրս բերել Աֆղանստանից, Բաքուն կորցնում է երբեմնի ռազմավարական կարևորությունը։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի օրակարգ վերադարձած՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, որը ևս քննարկվել է այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի նախագահական աշխատակազմը բավարարվել է ընդամենը մի քանի բառով՝ կարևորվել է ժողովրդավարական գործընթացների զարգացումը, մարդու իրավունքների ապահովումը, քաղաքական բազմազանությունը։ Ադրբեջանում, մինչդեռ, հարյուրից ավելի քաղբանտարկյալ կա, երկիրը խոսքի ազատության և ժողովրդավարության բոլոր զեկույցներում շարունակում է զբաղեցնել վերջին հորիզոնականները։

Ադրբեջանի առաջնորդը ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ զրույցում չի շրջանցել նաև Միացյալ Նահանգների նախագահի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատմական հայտարարությունը։ Բաքվում մտահոգված են Բայդենի խոսքերով, սրտնեղել է Իլհամ Ալիևը։ «Թուրքիան Ադրբեջանի բարեկամն ու դաշնակիցն է: Թուրքիան շատ կարևոր և դրական դեր ունի հետպատերազմյան տարածաշրջանում, և Բայդենի խոսքերը երկրի ղեկավարությունն ու հասարակությունը մտահոգությամբ են ընդունել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահի ուղերձից առաջ պաշտոնական Բաքուն սպառնացել էր վճռականորեն դատապարտել այն, եթե դրանում տեղ գտնի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ուղերձից հետո, սակայն, բավարարվեց ափսոսանք հայտնելով։

Հունվարին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնած Էնթոնի Բլինքենը առաջին անգամ է զանգահարում Ադրբեջանի նախագահին, ով արդեն հասցրել էր իր դժգոհությունը հայտնել այդ կապակցությամբ։ Շաբաթներ առաջ Բաքվում տեղի ունեցած համաժողովում Ալիևը հայտարարել էր. - «Բլինքենը որոշ ժամանակ առաջ զանգահարել է Փաշինյանին: Չգիտեմ նրանք ինչի մասին են խոսել: Բայց կրկին կխախտվի հավասարակշռությունը։ Ես չեմ ասում, որ պետքարտուղար Բլինքենը պետք է զանգահարի մեզ, սակայն ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկի։ Բայց մենք նրանցից որևէ լուր չենք ստացել։ Մենք չգիտենք, թե որն է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Ես Նովրուզի առիթով Բայդենից լավ նամակ եմ ստացել, սակայն դա զուտ շնորհավորական ուղերձ էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG