Մատչելիության հղումներ

Բայդենը հորդորում է Թրամփին անձամբ ներգրավվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար


ԱՄՆ - Նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը Ատլանտայում նախընտրական հանդիպման ժամանակ, 27-ը հոկտեմբերի, 2020թ.
ԱՄՆ - Նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը Ատլանտայում նախընտրական հանդիպման ժամանակ, 27-ը հոկտեմբերի, 2020թ.

Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Փոմփեոյի հայտարարած հրադադարի տապալումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետ է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արդեն իսկ չափազանց մեծ վնասներ է կրել և որի անվտանգությունը պետք է պաշտպանվի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն պնդում է. - «Մեկամսյա մարտերից հետո վաղուց է եկել ժամանակը, որ նախագահ Թրամփը անմիջականորեն ներգրավի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին, ճնշում գործադրի նրանց վրա՝ անհապաղ լարվածությունը թուլացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ դադարեցնելու պահանջով»:

Բայդենը համոզված է՝ «չնայած նա քարոզարշավների հանրահավաքներում պարծենում էր գործարքներ կնքելու իր հմտություններով, Թրամփը պետք է անձամբ ներգրավվեր այս պատերազմը դադարեցնելու համար»:

«Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չսառեցնի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան դադարեցնելու մասին և կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին վերջ տալ հակամարտության թեժացմանը զենքի մատակարարումներով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների փոխադրմանը», - ընդգծում է ԱՄՆ նախագահի թեկնածուն:

«Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու մարտերը, մեր եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ, և նախաձեռնի միջազգային մարդասիրական օգնություն ՝ վերջ տալու տառապանքներին: Իմ կառավարման ներքո դա հենց այն է, ինչ մենք կանենք», - հավաստիացնում է Ջո Բայդենը Արցախում պատերազմի վերաբերյալ իր հերթական հայտարարությունում:

XS
SM
MD
LG