Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքեն. «Լուծումը պետք է երաշխավորի ԼՂ անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը»


ԱՄՆ պետական քարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, հունվարի19, 2021թ.
ԱՄՆ պետական քարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, հունվարի19, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը երեք օր առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո նաև գրավոր է վերահաստատել դիրքորոշումը նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Հայաստանի անվտանգային կարիքների և Արցախի պաշտպանության հարցերում Բլինքենի աջակցությունը: Համբարյանի համոզմամբ, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգներն ամիսներ շարունակ անտարբերությամբ է արձագանքել Ադրբեջանի անողոք ագրեսիային:

«Ջո Բայդենի և Քամալա Հարիսի վարչակազմից ակնկալում ենք կառուցողական և պատասխանատու ներգրավում ծագումով հայ ամերիկացիներին և նրանց գործընկերներին առավել հուզող հարցերում»,- ասել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ բանավոր լսումների ընթացքում Բլինքենին հարցեր է ուղղել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, ով դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա և Թուրքիայի սադրիչ գործողություններն այդ պատերազմում:

Պետքարտուղարի թեկնածուն նշել է, որ շատ հարցերում Թուրքիան դաշնակցի պես չի գործում: Բլինքենը նույնիսկ «այսպես կոչված դաշնակից» եզրույթն է կիրառել, ինչն ինքնին աննախադեպ է դիվանագիտական ասպարեզում:

Մենենդեսը նաև արծարծել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, նշելով, որ ԱՄՆ օրենսդիր իշխանության երկու պալատներն արդեն ընդունել են համապատասխան հայտարարություններ, և հերթը գործադիրինն է:

Բանավոր լսումներից հետո Մենենդեսին ներկայացրած գրավոր պատասխաններում Բլինքենը վերահաստատել է դեմոկրատական կառավարումը և տնտեսական աճը խթանելու նպատակով Հայաստանին անվտանգության աջակցություն և օգնություն տրամադրելու կարևորությունը, քանի որ դեմոկրատիան և տնտեսության աճը կնպաստեն երկրի դիմացկունությանը:

Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին` ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի թեկնածուն գրել է, որ նոր վարչակազմը կվերանայի անվտանգության ասպարեզում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Բլինքենի փոխանցմամբ, հարկ եղած դեպքում նոր ադմինիստրացիան պատրաստ կլինի վերականգնել հայտնի 907 բանաձևը:

1992 թվականին Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ազատության աջակցության հռչակագիրը, որով պետք է քաղաքական կայունությունը և տնտեսությունը խթանող օգնություն տրամադրվեր Ռուսաստանին և նորանկախ նախկին խորհրդային այլ երկրներին:

ԱՄՆ-ի հայ լոբբիստների ջանքերով նույն 1992 թվականին ընդունվել է 907 բանաձևը, որն արգելել է Ադրբեջանի մասնակցությունն այդ ծրագրին, քանի որ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է վարել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ և տնտեսական շրջափակման է ենթարկել Հայաստանը:

2001 թվականին Սենատն ընդունել է հատուկ լրամշակում, որով նախագահին վերապահել է 907 բանաձևը սառեցնելու և հետևաբար Ադրբեջանին նույնպես օգնություն տրամադրելու հնարավորություն: Ուստի, Բլինքենը նկատել է տալիս, որ համապատասխան փաստարկների և ապացույցների պարագայում Բայդենը կարող է չեղարկել 907 բանաձևի սառեցումը:

Պետքարտուղարի թեկնածուն գրավոր պատասխաններում նաև նշել է, որ «Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ համագործակցելով` նոր ադմինիստրացիան կհստակեցնի Հայաստանի ու տարածաշրջանի կարիքներն անվտանգության բնագավառում»:

Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, որ ինքը նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Այդ նպատակով, ըստ պետքարտուղարի թեկնածու Բլինքենի, «Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք կատարի՝ կասեցնելու համար երրորդ կողմերի հնարավոր միջամտությունները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG