Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սպառնում է անհետևանք չթողնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան


Ուկրաինա - Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինուժի զորավարժություններ, արխիվ
Ուկրաինա - Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինուժի զորավարժություններ, արխիվ

Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսաստանյան ուժերի տեղակայման վերաբերյալ մտահոգիչ տեղեկությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացնում է պատասխան քայլերի մասին՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեպքում։

«Նախագահ Բայդենը շատ հստակ է արտահայտվել այդ հարցում։ Եթե Ռուսաստանն իրեն անխոհեմ կամ ագրեսիվ դրսևորի, կլինեն հետևանքներ», - կիրակի օրը NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել ենթադրությունները ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտության մասին։

Բլինքենի խոսքով՝ իրեն «իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի հետ սահմաններին», որտեղ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, ավելի շատ ուժեր են կենտրոնացած, քան 2014 թվականից հետո երբևէ։

Պետքարտուղարը շեշտել է, որ տվյալ հարցով Վաշինգտոնը մշտական կապի մեջ է եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ, որոնք նույնպես կիսում են այդ մտահոգությունները։

Ուկրաինայի արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է ապրիլի սկզբներին։ Տարբեր գնահատականներով՝ Ռուսաստանն առնվազն 4 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ, ինչն, ըստ վերլուծաբանների, ռուսական զինուժի նախապես չհայտարարված ամենալայնածավալ տեղաշարժն է 2015 թվականից ի վեր:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել են Կիևին իրենց բազմակողմանի և անվերապահ աջակցության մասին, Պենտագոնը նաև հաղորդել է, որ առավելագույն բարձր պատրաստականության է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։

Կրեմլն իր հերթին էր զգուշացրել՝ եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա, Ռուսաստանը հավելյալ քայլեր կձեռնարկի սեփական անվտանգությունը երաշխավորելու համար, պնդելով, որ իր ռազմական ակտիվությունն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ, այլ բացառապես պաշտպանական բնույթ է կրում:

Ուկրաինայի արևելյան այս շրջաններում ռուսամետ անջատականների ու կառավարական ուժերի միջև 7 տարի շարունակվող մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։ Միայն այս տարվա չորս ամիսների ընթացքում հակամարտող կողմերը տասնյակ զոհեր են տվել։

XS
SM
MD
LG