Մատչելիության հղումներ

Արևմուտքը միանշանակ աջակցություն է հայտնում Ուկրաինային


Ուկրաինացի զինծառայողը Դոնեցկի շրջանի Ավդեևկա գյուղից ոչ հեռու գտնվող հենակետում, 5 ապրիլի, 2021թ.

Ռուսաստանը շարունակում է բանակի ստորաբաժանումներ մոտեցնել Ուկրաինայի սահմաններին, գնացքներով և ավտոշարասյուներով հրասայլեր, հրետանի, հրթիռային կայանքներ և այլ ծանր տեխնիկա են փոխադրում: Ռոստովի մարզում ռուսական դիվիզիաների տեղաշարժ է:

Այդ բոլոր գործողությունների վերաբերյալ Մոսկվան ասում է, թե ռազմական ակտիվությունը Ռուսաստանի ինքնիշխան տարածքում է, հետևապես, դա ուրիշ երկրների գործը չէ, որևէ մեկի դեմ ուղղված չէ և հնչեցվող անհանգստությունները մտածածին են:

Մինչդեռ, Արևմուտքում ենթադրում են, որ հարկ է ամենայն լրջությամբ ընդունել ռուսական զինվորական էշելոնների հոսքը դեպի Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններ, մանավանդ եթե հաշվի առնվի, որ այս օրերին ուկրաինական բանակի և Դոնբասի ռուսամետ անջատականների շփման գծում հրադադարի խախտումներ են, և ուկրաինացի զինվորներ են զոհվում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր լրագրողներին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զանգահարելու և ռուսների ռազմական ակտիվության վերաբերյալ մտահոգություն հայտնելու մասին:

Զելենսկին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին և ասել, որ Դոնբասում պատերազմն ավարտելու ամենաարդյունավետ ուղին Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին:

Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել հզորացնել ռազմական ներկայությունը Սև ծովում, ասելով, թե «դա կլինի Մոսկվային հասցեագրված հստակ ուղերձ»:

Թեմային է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

«Մեզ մտահոգում է Ռուսաստանի ագրեսիայի էսկալացիան Ուկրաինայի արևելյան գոտում, կան հավաստի հաղորդագրություններ Ուկրաինայի սահմանին և բռնազավթած Ղրիմում ռուսական զորամիավորումների տեղաշարժի մասին»,- ասել է Փրայսը:

Նրա խոսքով, ռուսական կողմն այդ գործողություններով խախտել է 2020 թվականի հուլիսին դժվարությամբ հաստատված հրադադարի դրույթները, դրա հետևանքով այս տարվա մարտի 26-ին ուկրաինացի 4 զինվոր է սպանվել և 2-ը՝ վիրավորվել: Փրայսի փոխանցմամբ, Վաշինգտոնը սատարում է Կիևին:

«Ուղերձը, որն այս պայմաններում ամենաբարձր մակարդակով հղում ենք Ուկրաինային՝ այն է, որ Միացյալ Նահանգները կլինի ուկրաինացի գործընկերների կողքին, և մենք դա կանենք առանց վերապահումների»,- ասել է պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հիշեցնելով, որ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 2-ին հեռախոսով քննարկել են ռուսների ագրեսիայի հարցը:

Սակայն ռուսական կողմը շարունակում է պնդել, թե, իբր, հենց ուկրաինացիներն են դիմում սադրիչ քայլերի:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական անգամ հավաստիացրել է, որ ռուսական տարածքով ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի որևէ մեկին և նկատել է տվել, որ ոչ թե ռուսներն, այլ ուկրաինացիներն են պարտավոր թուլացնել լարվածությունը:

«Իրավիճակը շատ սրված է, կարևոր է, որ Ուկրաինայի բանակը չդիմի սադրանքի իր իսկ ժողովրդի կամ ինքնահռչակ հանրապետություններում ապրող բնակիչների դեմ: Որևէ մեկնաբանություն կարող է սխալ տպավորություն առաջացնել և էլ ավելի սրել վիճակը, ես չեմ ցանկանում դա անել»,- ասել է Պեսկովը, հրաժարվելով ավելի մանրամասն մեկնաբանել խնդիրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է հնդիկ պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարի հետ և համատեղ ասուլիսում խոսել է նաև Ուկրաինայի մասին, ասելով, թե նպատակահարմար կլինի, որ Բեռլինը և Փարիզն անհապաղ սթափեցնեն Ուկրաինայի ղեկավարներին:

«Մեզ անհագստացնում են Դոնեցկի մասին Ուկրաինայի ղեկավարների հայտարարությունները, կարևոր է, որ այդ ղեկավարներին ուշքի բերելու գործին միանա նաև Վաշինգտոնը»,- ասել է Լավրովը:

Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի կուտակումը չի դադարում: Արդյո՞ք սա վկայում է պատերազմի անխուսափելիության մասին:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի փոխանցմամբ, միանշանակ չի կարելի պնդել, թե կլինի պատերազմ, բայց փաստ է, որ Մոսկվան հենց պատերազմի է պատրաստվում, և պատրաստ կլինի ամենաուշը մայիսի սկզբին:

Թե ինչպիսին կարող է լինել Արևմուտքի արձագանքը՝ դժվար է կանխատեսել, Արևմուտքն ինքը դեռ չգիտի: «Իսկ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այդ պատերազմը»՝ պատասխանելով այդ հարցին, Ֆելգենգաուերը խորհուրդ է տվել «նշված հարցը հասցեագրել հոգեվերլուծաբանին»:

Սակայն փորձագետ Ռուսլան Լևիևը Настоящее Время հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ գործը պատերազմի չի հասնի:

«Ինչպես և շատ փորձագետներ Արևմուտքից՝ մենք էլ ենթադրում ենք, որ սա ընդամենը սուր ճոճել է, Ուկրաինայի և այդ երկրի արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի վրա ճնշում բանեցնելու միջոց և պատասխան սանկցիաներին»,- ասել է նա:

Ըստ Լևիևի, ռուսներն ուզում են ասել հետևյալը.- «Մենք ցույց ենք տալիս, որ Ղրիմը երբեք չենք տա, մեր ուժերը կուտակում ենք թե՛ Ղրիմում, թե՛ Ուկրաինայի արևելքի մոտ»:

2014 թվականի գարնանը Ղրիմի բռնազավթումից հետո Ուկրաինայի արևելյան շրջանում մեկնարկած պատերազմում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG