Մատչելիության հղումներ

Մերկելը Պուտինին հորդորել է չամրապնդել ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել է չամրապնդել ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ։ Ի պատասխան, ըստ Կրեմլի խոսնակի, Վլադիմիր Պուտինն ասել է՝ «Ռուսաստանն իրավասու է սեփական զորքն անարգել տեղաշարժել սեփական տարածքում»։

«Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ այսօր Ուկրաինան վերածվում է շատ անկայուն, պայթյունավտանգ տարածաշրջանի, և նման հարևան ունենալու դեպքում յուրաքանչյուր երկիր ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Արևմուտքն ու Կիևը, մինչդեռ, մտավախություն ունեն, որ ռուսները կարող են ներխուժել Ուկրաինա՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուհանսկի հանրապետություններին աջակցելու համար։

Արդեն 7 տարի Ուկրաինայի արևելյան այս շրջաններում ռուսների աջակցությունը վայելող անջատականների ու կառավարական ուժերի միջև շարունակվող մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG