Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը մեկնել է հակամարտության գոտի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հակամարտության գոտում հանդիպում է զինծառայողների հետ, Դոնբադի շրջան, 8-ը ապրիլի, 2021թ.

Ուկրաինայի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին մեկնել է Դոնբաս:

Նրա գրասենյակն այդ ուղևորությունն անվանել է «աշխատանքային այց», սակայն զրահաբաճկոնով նախագահի լուսանկարը վկայում է, որ նա երկրի անհանգիստ արևելյան շրջանում է ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների և, մասնավորապես, Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական բանակի և զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ:

Զելենսկին հանդիպում է ուկրաինացի զինծառայողներին, ովքեր տեղակայված են ռուսամետ անջատականների զինյալների հետ շփման գծում:

Վերջին շաբաթների ընթացքում, ըստ արևմտյան երկրների հետախուզության տվյալների, ռուսներն Ուկրաինայի սահմանների մոտ և բռնազավթած Ղրիմի թերակղզում ավելացնում են զինուժը, դրա մասին են վկայում նաև բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ: Դա մեծ անհանգստություն է առաջացնում ոչ միայն Կիևում, այլև ՆԱՏՕ-ի երկրների մայրաքաղաքներում:

Վերլուծաբանները չեն կարողանում այս պահին հստակ ասել, թե Կրեմլն ինչ է անում՝ պատրաստվում է ռազմական գործողությա՞ն, թե՞ ցանկանում է Ուկրաինայի և Արևմուտքի «կամքի ուժը ստուգել»: Դոնբասում մերթ ընդ մերթ տեղի են ունենում ընդհարումներ:

«Նախագահը կայցելի առաջնագիծ, որտեղ պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը, և վերջին օրերին թշնամու հրետակոծության հետևանքով ուկրաինացի զինվորներ են զոհվել և վիրավորվել»,- ասվում է Զելենսկու գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Որպես գերագույն գլխավոր հրամանատար, ես այս դժվար օրերին պարտավոր եմ լինել մեր զինվորների հետ», - Թվիթերի էջում գրել է նախագահ Զելենսկին:

Արևմուտքը սատարում է Կիևին: Անցած օրերին Զելենսկու հետ հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Այսօր Կիև է ժամանել Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ լեհ գործընկերոջ այցը վկայում է ռուս-ուկրաինական ճգնաժամի համատեքստում Կիևին սատարելու մասին:

Ուկրաինայի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Դոնբասում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին:

Դոնբաս մեկնելուց առաջ երեկ Զելենսկին Կիևում ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Սթյուարթ Փիչին: Զելենսկին հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Դոնբասում զոհվել է ավելի քան 20 ուկրաինացի զինծառայող:

Անցյալ տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ Դոնբասում հրադադար է հաստատվել, սակայն տարեվերջին ռուս անջատականները սկսել են այն խախտել:

«Մինչև 2020-ի դեկտեմբեր միայն առանձին կրակոցներ էին լսվում, էապես նվազել էր զոհերի թիվը»,- ասել է Զելենսկին ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար Փիչին:

Վերջինս Կիևում հանդիպել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակի հետ և հավաստիացրել, որ ՆԱՏՕ-ն սատարում է Ուկրաինային:

Մինչդեռ, ռուսական կողմը պնդում է, թե Կիևն է դիմում սադրիչ քայլերի: Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և ասել է, թե ուկրաինական կողմը շփման գծում վերջին օրերին, իբր, միտումնավոր սրում է վիճակը:

Պուտինը և Մերկելը պայմանավորվել են ուկրաինական խնդրով շարունակել քննարկումները «Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ձևաչափով:

Ուկրաինայի բանակի հրամանատարները հավաստիացնում են, որ ամեն ինչ կանեն Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիան հետ մղելու համար, սակայն Կիևում էլ չեն բացառում, որ Ղրիմում և Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի ավելացումը և ուկրաինացիների հասցեին հնչեցվող սպառնալիքներն իրականում ուղղված են ներքին լսարանին:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեկսիյ Դանիլովի փոխանցմամբ, աշնանը Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իրավիճակը ծանր է, կա Նավալնիի խնդիրը, Պուտինի և նրա մտերիմների դիզած հարստությունների մասին ֆիլմեր, միլիարդավոր դոլարների վատնում Ռուսաստանի հետ կապված դրսի ռեժիմները պահելու համար, սոցիալական դժվարություններ երկրի ներսում: Այս և բազում այլ խնդիրներ իշխանությանը ստիպում են ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան հանրության ուշադրությունը շեղել ներքին հարցերից:

«Մոսկվայի համար շատ հեշտ է արտաքին թշնամու վտանգ հորինել, հիմա այդ թշնամին Միացյալ Նահանգներն է, նախկինում Վրաստանն էր, այսօր նաև Ուկրաինան է, ռուսները թշնամիներ են հորինում, արտաքին թշնամին անհրաժեշտ է ներքին խնդիրները լուծելու համար», - նշել է Օլեկսիյ Դանիլովը:

XS
SM
MD
LG