Մատչելիության հղումներ

Նավալնիի գաղութի մոտ ուժեղացվում են անվտանգության միջոցառումները՝ նրա աջակիցներն ակցիա են ծրագրում


Ռուսաստան - Ոստիկանները Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 գաղութի մուտքի մոտ, 6-ը ապրիլի, 2021թ․

Ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Վլադիմիրի մարզի թիվ 2 ուղղիչ գաղութի մոտ, որտեղ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները պլանավորում են բողոքի ակցիա անցկացնել՝ կալանավորին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու պահանջով:

Լրագրողները պարբերաբար հարց են տալիս Նավալնիի առողջության մասին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակին։ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, թե բոլոր հիվանդ բանտարկյալների հետ վարվում են որոշակի կանոններով, և նրանց բուժումն ապահովվում է «համապատասխան մակարդակով»:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ Ալեքսեյ Նավալնիին հանդիպել բժշկի, որին նա վստահում է, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Իրավապաշտպանն այս մասին գրել է Թվիթերում։ Կալամարը նշել է քաղաքական գործչի անհիմն ձերբակալության և նրա առողջական վիճակի վատթարացման մասին: Իրական վտանգ կա, որ ռուսական պետությունը Նավալնիին դանդաղ մահվան կենթարկի, կարծում է Amnesty International-ի ղեկավարը: Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկ»-ով թունավորումից հետո ողջ մնացած մի քանի մարդկանցից մեկն է: Նրա առողջությունը հատուկ ուշադրություն է պահանջում, բայց դրա փոխարեն ընդդիմադիրին քնից են զրկում, ինչը հավասարազոր է կտտանքների, հավելել է Կալամարը:

Մինչև մարտի վերջին Amnesty International-ի ղեկավար նշանակվելը Անյես Կալամարը Նավալնիի թունավորման գործով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից մեկն էր:

Նախօրեին Ալեքսեյ Նավալնին, ով պատիժը կրում է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 գաղութում, իր փաստաբանների միջոցով հայտնել է, որ իրենց ջոկատում 15 հոգի է, որոնցից 3-ը հոսպիտալացվել են տուբերկուլյոզով: Նավալնիի մոտ բանտային բժիշկները 38,1 աստիճան ջերմաստիճան և ուժեղ հազ են արձանագրել։ Երկուշաբթի երեկոյան Նավալնիի շտաբը հայտնել է, որ քաղաքական գործչին տեղափոխել են բանտային հիվանդանոց՝ «սուր շնչառական հիվանդության ախտանիշների» պատճառով:

Միաժամանակ, քաղաքական գործիչը շարունակում է հացադուլը, որը հայտարարել է մարտի 31-ին։ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովայի խոսքով՝ գաղութում գտնվելու պահից նա կորցրել է 13 կիլոգրամ։

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը Ալեքսեյ Նավալնիին 2013 թվականի «Իվ Ռոշե»-ի քրեական գործով ուղարկել է գաղութ, այս որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել: Ընդդիմադիրը պետք է բանտում անցկացնի մոտ երկուսուկես տարի։ Մեկուկես ամիս անց Նավալնին գանգատվել է մեջքի ցավերից, ոտքերի հետ կապված խնդիրներից և անքնությունից. նրան 8 անգամ արթնացնում են գիշերվա ընթացքում։ Ընդ որում, ընդդիմադիր գործիչը փաստաբաններին փոխանցել է, որ պատշաճ բժշկական օգնություն չի ստանում։ Մինչդեռ գաղութից հայտնել են, որ Նավալնիի առողջական վիճակը «կայուն» և «բավարար»:

Նավալնիի թիմը հայտարարել է քաղաքական գործչի ազատ արձակման համար գարնանային մեծ հանրահավաքի մասին:

XS
SM
MD
LG