Մատչելիության հղումներ

Որոտանում ադրբեջանցիները խրամատներ են փորում


Ադրբեջանիան անցած առանձնատունը Սյունիքի մարզի Որոտան գյուղում։
Ադրբեջանիան անցած առանձնատունը Սյունիքի մարզի Որոտան գյուղում։

Երեկվանից Սյունիքի պաշտոնյաներն իրենց ֆեյսբուքյան էջերով ահազանգում են, որ ադրբեջանցիները խրամատներ են փորում մարզի Որոտան համայնքում։

Սյունիքի մարզի Որոտան գյուղից որոշ տարածքներ եռակողմ հայտարարությունից հետո անցել էին Ադրբեջանին՝ մեկ առանձնատուն ու այգեգործական ընկերության շուրջ 100 այգիներ ու մի քանի ամառանոցներ։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական տեխնիկան աշխատում է իրենց վերահսկողության տակ անցած առանձնատան մոտ․ - «Մեր բնակելի տան խնդրահարույց իրավիճակի մասին շատ խոսվեց, հենց էդ առանձնատան հատվածից սկսել են ինժեներական աշխատանքները, գյուղի անմիջապես հարևանությամբ։ Եվ խրամուղիներ են փորում գյուղի երկայնքով»։

Որոտանցի Սեյրան Օհանջանյանի տունը պատերազմից հետո դարձավ ադրբեջանական դիտակետ։ Տունը հենց Գորիս - Կապան մայրուղու վրա է։

Գյուղի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը տեղեկություն չունի, թե ինչու են ադրբեջանցիները մեքենաների ակտիվ շարժով ճանապարհի կողքին խրամատ փորում։ Ունի ենթադրություն․ - «Եթե խրամատը քարդում են լյուբոյ տեղ, ուրեմս պատրաստվում են կռվի։ Կամ էլ պատրաստվում են ինքնապաշտպանությանը։ Կամ վտանգը իրանք մեզնից են սպասում, մենք էլ մտածում ենք, որ վտանգը իրանցից կարող ա լինի։ Իմ կարծիքս էդ ա»։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց․ - «Իրենց տարածքն է։ Բնականաբար, մեր տարածքում չեն խրամուղիները անցկացնում, բայց ամբողջ խնդիրը նա է, որ բնակավայրում անհանգստություններ կան։ Եվ բնակիչների խաղաղ կյանքի իրավունքի խաթարման տեսանկյունից անընդունելի է, որ իրենք սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել»։

«Գուցե ինչ- որ բանի են պատրաստվում», - ենթադրում է Յոլյանը՝ հավելելով, որ իրենք երեկ ահազանգել են ու սպասում են, որ պաշտպանական ու ազգային անվտանգության մարմիններն արագ կարձագանքեն։ - «Մինչև հիմա դեռևս որևէ արձագանք չկա, ընդամենը՝ խոսակցությունների մակարդակում։ Ռուսների հետ ևս մեր մյուս տեղակալը խոսել է, իրենք ևս ներկայացրել են, որ դա իրենց իրավասության շրջանակը չէ»։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, թե անհանգստանալու առիթներ չկան, սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է․ - «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ»:

Որոտանում մշտապես մինչև 30 ադրբեջանցի է հերթապահում։ Հայկական կողմից սահմանապահ ծառայություն է, կանոնավոր բանակ չկա, ասում է Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը։ Միայն թե չգիտի ադրբեջանցիները սահմանապահ են թե ոչ, եթե այո, ապա խրամատն ի՞նչ են անում․ - «Օրենքով, պայմանագրով պիտի իրանք էլ սահմանապահներ լինեն, կանոնավոր բանակ չպիտի կանգնի»։

Ազգային անվտանգության ծառայությունից չեն մեկնաբանում, թե արդյոք ադրբեջանցի սահմանապահները խրամուղիներ փորելու իրավունք ունեն։

Խրամուղիներ փորելուց բացի, ադրբեջանցիները այսօր նաև ցանցեր են բերել։ «Հավանաբար պարիսպ են կառուցելու», - դարձյալ ենթադրում է համայնքապետը։

Սահմանամերձ դարձած Որոտանը 300 բնակիչ ունի։ Սյունիքի սահմանների վերաձևումներից հետո որոտանցիները զրկվել են եկամտի հիմնական միջոցներից՝ այգիներից ու արոտավայրերից։ Անհամբեր սպասում են կառավարության խոստացած սոցիալական ծրագրերին, համբերատար հետևում ադրբեջանցիների շինարարական եռուզեռին։

XS
SM
MD
LG