Մատչելիության հղումներ

Ագարակի ղեկավարը փաստում է` ադրբեջանական կողմից կրակոցները օդ պարբերաբար են դարձել


Շուռնուխ, Սյունիք, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի սահմանային տարածքից տեսագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակում Կապանի 2 գյուղերի՝ Ագարակի և Եղվարդի ուղղությամբ, տեսագրությունն արվել է 2 օր առաջ, ըստ Թաթոյանի, «հայ դիրքապահների կողմից» 2 գյուղերի միջնամասում։

«Երկրի զինված ուժերը մեր քաղաքացիական բնավակավայրերի հարևանությամբ կրակում են, զինվորական մարդիկ, զինված ադրբեջանցիների առկայությունն այդտեղ խախտում է Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացիների, ՀՀ սահմանային գյուղերի, բնակիչների իրավունքները` սկսած առաջնահերթ երեխայի շահերից` ապրելու խաղաղ և անվտանգ մթնոլորտում, ավարտված մինչև անդորրը և խաղաղ բնակիչների կյանքը», - ասում է ՄԻ պաշտպանը:

Սյունիքի որոշ գյուղերից ադրբեջանական դիրքերն ընդամենը 1 կիլոմետրի հեռավորության վրա են, հիշեցնում է Թաթոյանը: Նրա խոսքով՝ զինված հակառակորդի ներկայությունը բնակավայրերին այդքան մոտ խախտում է մարդկանց միջազգային կոնվենցիաներով ամրագրված իրավունքները, խաթարում նրանց խաղաղ կյանքը։ Թաթոյանը հիշեցնում է, որ նախկինում ևս բարձրաձայնել են` Կապանի գյուղերի ուղղությամբ կրակոցներ տեղի են ունենում պարբերաբար. «Ահազանգերն ստանում ենք, որ գիշերն էլ են կրակում, և կա նաև ցերեկը, օրվա տարբեր ժամերի: Պարբերաբար ստանում ենք, պարբերաբար բառն արդեն ասում է, որ օրինակ, մի քանի օր առաջ էլ էինք ստացել: Ինձ համար խիստ դատապատելի են նաև այն իրավիճակները, երբ երեխայի աչքի առաջ զենքով մարդ է երևում, զենքով ադրբեջանցի, առավել ևս զինված ուժերի ներկայացուցիչ: Դա Որոտանի մասին է խոսքը և մեր մյուս բնակավայրերի` Շուռնուխի և այլն»:

Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանի խոսքով՝ երեկ և այսօր կրակոցներ չեն հնչել, բայց դրանից առաջ ադրբեջանական կողմից կրակոցները պարբերաբար էին դարձել, ըստ Սահակյանի, դրանք անկակոն կրակոցներ են դեպի հայկական օդային տարածք. «Օդ են կրակում, անկանոն են կրակում, որ լուսացրով պատռոն է լինում, տեսնում ենք, որ գյուղի ուղղությամբ են կրակում, գյուղի վերևն են կրակում: Հիմա գյուղի հատվածում եկել են, չորս հատ պալատկա են խփել` հենց սահմանագծի վրա, բայց գյուղից ճանապարհը 4 կիլոմետր հեռու է` այդ գյուղի վերևի հատվածում, բայց ներքևի հատվածում 1.5 կմ հեռավորության վրա ենք»:

Ագարակի հարակից տարածքներում դիրքեր ունեն նաև հայ սահմանապահները, սակայն ադրբեջանցիներն այնքան մոտ են, որ բնակչության շրջանում միշտ լարվածության զգացում կա, ասում է գյուղի ղեկավարը. «Ունենք գյուղի ներքևում, մեկ էլ գյուղի աջ թևում ունենք դիրքեր»:

Մոտ 3 ժամ առաջ (ժամը 18-ի սահմաններում) Սյունիքի մարզպետարանը տեղեկություն հրապարակեց, որ փետրվարի 13-ին Ագարակ գյուղի հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ, և այդ փաստն արձանագրվել է «հայ և ռուս սահմանապահների կողմից», կատարվել է դիտարկում, գրանցվել միջադեպը, ինչից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։

Չնայած և՛ օմբուդսմենի գրասենյակի, և՛ Սյունիքի մարզպետարանի հրապարակած տեղեկությանը, որ սահմանային կրակոցներ, այնուամենայնիվ, եղել են ադբեջանցիների կողմից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրա տեղեկագրերում վերջին օրերին չի հայտնել, թե փոփոխություն է եղել օպերատիվ իրավիճակում. «Պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել», - գրել է պաշտպանական գերատեսչությունը։ Սակայն արդեն այսօր նշում են, որ փետրվարի 14-ին ու 15-ին սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:

Մինչ այդ օմբուդսմենը նշում է, որ զեկույցներ է պատրաստում սահմանապահ համայնքների բնակիչների խախտված իրավունքների մասին և ուղարկելու է դրանք միջազգային կազմակերպություններին ու կառույցներին. « Համայնքներն իրար կապող ճանապարհներին են, բնակավայրերի անմիջական փողոցից այն կողմ են, օրինակ, դեպքեր, իրավիճակներ չէ՞ ունենք: Երկրորդն, օրինակ, պատերազմից հետո էլ պատերազմի սպառնալիքները շարունակվում են, նման պայմաններում նրանց առկայությունը, այս գործոնները մենք պետք է հաշվի առնենք»:

XS
SM
MD
LG