Մատչելիության հղումներ

«Որպեսզի գյուղը չդատարկվի, և՛ վախենում ենք, և՛ համարձակ ապրում ենք»․ Որոտանի դպրոցի ուսուցչուհի


Ադրբեջանական հենակետը Որոտան գյուղի մոտ։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մի «Ոուազ» է մոտենում ադրբեջանական հենակետին։ Շուռնուխի ադրբեջանցիները եկել են Որոտանի ադրբեջանցիներից ջուր տանելու։ Այս ակտիվ շարժը Որոտանի համայնաքապետ Սուրեն Օհանջանյանի եղբոր տան բակում է, տունն ու հարակից տարածքն այլև հայկական չէ։

Որոտանը Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերից է։ Այստեղ բերող ճանապարհի վրա ադրբեջանական դիտակետն է՝ հենց Սեյրան Օհանջանյանի արդեն նախկին տանը։

«Էս պահին չկա տենց մեծ վտանգ, բայց որ հարյուր տոկոսով ապահովված ա, դա էլ չենք կարա ասել։ Ոչ մեկը չի կարա գարանտիա տա, թե մի րոպե հետո ինչ կկատարվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանջանյանը։

Որոտանը սահմանային այս փոփոխություններից հետո կորցրել է հենակետ դարձրած այս տունը և այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ, որտեղ նաև ամառանոցներ կան։

«Մարդիկ տարիներով սարքել են, ծառեր են տնկել, ջուր են քաշել, ճամփա են սարքել, տուն ու հողամաս են սարքել, հիմի մի վայրկյանում մնաց իրանց», - ցավով ասաց համայնքապետը։

Սուրեն Օհանջանյանի խոսքով, այժմ ոչ միայն այդ այգետերերը, ողջ Որոտանն է կորցրել ապրուստի հնարավորությունը։ Կուբաթլուի ու Լաչինի շրջաններից որոտանցիները փայտ, խոտ էին բերում, անասուններին արոտավայր հանում։ Որոտանում ամռանն այնքան շոգ է, որ անասունները բնազդով էին դեպի այդ կողմի լեռները ձգվում։

Գյուղը 300 բնակիչ ունի, հեռանալու ցանկություն, որոտանցի Գևորգ Առաքելյանի փոխանցմամբ, դեռ չեն հայտնում, բայց աշխատատեղ են ուզում, ապրելու հնարավորություն․ - «Թորքի անտառում փետ էինք կտրում, բիրում ծախում։ Հիմա դա վերցրել են, տվել են Ազրբեջանին․․․ Աշխատանք չունենք, իրեք տղա ունեմ, չենք աշխատում, վարկեր ունենք․․․»

Լսել են, որ կառավարությունը Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծել, սպասում են նախ փոխհատուցման ծրագրերի, ապա աշխատատեղերի։

Որոտանում նաև Արցախից տեղահանված ընտանքիներ կան, որ դեմ չեն նոր տուն սարքել այս գյուղում ՝ միայն թե կառավարությունն օգնի ոտի կանգնել։

Արարատ Դավթյանն ընտանիքով Կուբաթլուի Դարբնոց գյուղից է եկել։ Որդին ժամկետային զինծառայող է, Մարտակերտում է, այս պատերազմի դժոխքով է անցել, ու հիմա շատ է անհանգիստ, թե փախստական դարձած ծնողներն ինչ վիճակում են։

Որոտանը երիտասարդ գյուղ է, հիմնվել է 1960-ականներին, որպես Տաթև ՀԷԿ-ին կից ավան։

«Երբ եկա, մի թուրք կար ու երկու հայ», - հիշում է գյուղի առաջին բնակիչներից Լենա Մարգարյանը։ Ադրբեջանցիների կողքին հաշտ ապրել են մինչև Սումգայիթի ջարդերը․ - «Մի գիշերվա մեջ էդքան թորքերը լրիվ դուս դյառան»։

Այդ տարիների մասին Լենա Մարգարյանը հիմա զարմանքով է հիշում, թե ինչպես էին ապրում։ Ճանապարհի վրա ինչ ադրբեջանցիներ են հայտնվել, վախը սրտում է․ - «Ասում եմ՝ մենակ ես իմ տանը չեմ կարա ապրեմ, որովհետև թորքը աչքիս առաջին, ես ո՞նց ապրեմ»։

Լենա տատիկի հարսն ամեն օր այդ ճանապարհով Գորիսի համալսարան գնացող-եկող որդու համար է անհանգստանում և զրոյացած եկամուտի․․․

Համայնքի ղեկավարն առաջարկում է գոնե էլեկտրական փշալարեր անցկացնել այս նոր սահմաններով, որ անասուններն անվերադարձ չհատեն գիծը, բնակիչներին փայտով ապահովել, գյուղ գազ անցկացնել, սահմանամերձի կարգավիճակ տալ, որ գոնե կոմունալները կիսով չափ վճարեն։ Լիարժեք անվտանգության հույս չունի, բայց, ասում է, ադրբեջանցիները լավ կլինի ճանապարհի վրայից մի քիչ նահանջեն, գոնե չեզոք գոտի լինի։

Որոտանի միջնակարգ դպրոցի 17 ուսուցիչներից մեծ մասը այս ճանապարհով է գործի գալիս Գորիսից։ Հենց դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն էլ նրանց տանում-բերում է. – «Մեքենան անվտանգ ա։ Ուղղակի ճանապարհի էս մասն ա, որ Ադրբեջանի տարածքով ենք անցնում․․․ իբր իրենց տարածքն է։ Տեսնենք ոնց կլինի»։

«Որպեսզի գյուղը չդատարկվի, և՛ վախենում ենք, և՛ համարձակ ապրում ենք», - ասաց դպրոցի ուսուցչուհի Անահիտ Բունիաթյանը։

«Սկզբից վախենում էինք, հետո տեսանք, որ ոչ մի վախենալու բան չկա», - ասաց դասվար Գայանե Կարապետյանը։ Նրան առարկեց աշակերտներից Հրանտը․ - «Ինչի՞ց պիտի վախենամ, թող իրանք ինձնից վախենան»։

Հրանտը վստահ է, որ եթե իրենք մնան Որոտանում, ադրբեջանցիները մի օր կձանձրանան ու կհեռանան։ Ինքը հաստատ մնալու է Որոտանում։

XS
SM
MD
LG