Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները տեսակապով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Երևան, 14-ը դեկտեմբերի, 2020թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տեսակապի միջոցով հեռակա հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ընդ որում, բանակցությունները կրկին կայացել են առանձին-առանձին ձևաչափով. Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից ավելի քան երեք ամիս անց` մինչ օրս, արտգործնախարարներ Այվազյանն ու Բայրամովը դեմ առ դեմ չեն հանդիպել:

Երեկ, ըստ միջնորդների տարածած հաղորդագրության, համանախագահները նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին «երկար ու բովանդակային մտքեր են փոխանակել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերակատարության վերաբերյալ»:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Արա Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը՝ «շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»: Կողմերը նաև մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ, Այվազյանն էլ կրկին պնդել է, որ «ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում»:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն էլ՝ «Ջեյհուն Բայրամովը միջնորդների հետ քննարկել է տարածաշրջանի ներկայիս իրադրությունը, այդ թվում` նոյեմբերի [լույս] 10-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կատարումը: Ընդգծվել է վստահության վերականգնման և խաղաղ համակեցության կարևորությունը` տարածաշրջանի տևական խաղաղությանը հասնելու համար»:

Անցած տարեվերջին, ամերիկացի և ֆրանսիացի միջնորդները այցելել էին Երևան և Բաքու, իրենց իսկ խոսքով՝ լսել կողմերի գնահատականներն ու մտահոգությունները, ապա պաշտոնական հայտարարությամբ խոստացել կոնկրետ առաջարկներ ներկայացնել բարձրացված խնդիրների վերաբերյալ:

Անցած ամսվա վերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե համանախագահները նախատեսում են մեկնել Ղարաբաղ և այժմ համաձայնեցնում են այս հարցը շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG