Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է ՄԽ ձևաչափում ղարաբաղյան բանակցությունների վերականգնումը. Փաշինյան


Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, 14-ը դեկտեմբերի, 2020թ. Երևան, լուսանկարը` վարչապետի պաշտոնական կայքէջից
Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, 14-ը դեկտեմբերի, 2020թ. Երևան, լուսանկարը` վարչապետի պաշտոնական կայքէջից

Հայաստանն անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան բանակցությունների վերականգնումը՝ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով, այսօր Երևանում ընդունելով համանախագահներին` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

44-օրյա պատերազմից հետո սա համանախագահների առաջին այցելությունն է տարածաշրջան։

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` «վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը»:

Փաշինյանը նաև դատապարտել է եռակողմ հայտարարության խախտումը Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 11-12-ը արցախա-ադրբեջանական շփման գծում:

Կառավարության շենքից դուրս գալուց հարցեր ուղղեցինք ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին՝ արդյոք գործ ունե՞նք ռուս-թուրքական պայմանավորվածության հետ, ինչի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս մղվեց գործընթացից, և արդյոք քննարկվո՞ւմ է Արցախի կարգավիճակի հարցը, սակայն դիվանագետը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ միայն տեղեկացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածելու տարածաշրջանային այցի արդյունքում։

Ի դեպ, և՛ երեկ Բաքվում՝ նախագահ Իլհամ Ալիևի, և՛ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում բացակայում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Բաքվում նրան փոխարինում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը։

Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչպես հայտնի է, Ալիևը բավականին սառը ընդունելության էր արժանացրել համանախագահներին՝ հայտարարելով, որ նրանց այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, ինքը նրանց չի հրավիրել, որ Ադրբեջանը ղարաբաղյան խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ Մինսկի խումբը ոչինչ չի արել անցած 28 տարիների ընթացքում։

Կեսօրից առաջ համանախագահներին ընդունել էր նաև արտգործնախարար Արա Այվազյանը, և գերատեսչության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ներկայացրել է հայկական կողմի առաջնահերթությունները՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG