Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին


Մարդու իրավունքների պաշտպանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով:

Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:

«Գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Արման Թաթոյանի` սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:

XS
SM
MD
LG