Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները տեսակապով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Երևան, 14-ը դեկտեմբերի, 2020թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տեսակապի միջոցով հեռակա հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ընդ որում, բանակցությունները կրկին կայացել են առանձին-առանձին ձևաչափով. Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից ավելի քան երեք ամիս անց` մինչ օրս, արտգործնախարարներ Այվազյանն ու Բայրամովը դեմ առ դեմ չեն հանդիպել:

Երեկ, ըստ միջնորդների տարածած հաղորդագրության, համանախագահները նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին «երկար ու բովանդակային մտքեր են փոխանակել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերակատարության վերաբերյալ»: Թե կոնկրետ ինչ եզրահանգման են եկել այդ քննարկումների արդյունքում` համանախագահները չեն հստակեցնում:

Ավելի վաղ` անցած տարեվերջին, ամերիկացի և ֆրանսիացի միջնորդները այցելել էին Երևան և Բաքու, իրենց իսկ խոսքով՝ լսել կողմերի գնահատականներն ու մտահոգությունները, ապա պաշտոնական հայտարարությամբ խոստացել կոնկրետ առաջարկներ ներկայացնել բարձրացված խնդիրների վերաբերյալ:

Կա՞ն արդեն այդ առաջարկները, կոնկրետ ո՞ր հարցերին են վերաբերում և ի՞նչ լուծումներ են նախատեսում` այս մասին համանախագահների երեկվա հաղորդագրության մեջ որևէ բան չի ասվում: Դատելով պաշտոնական Բաքվի և Երևանի հայտարարություններից՝ կողմերը շարունակում են տրամագծորեն միմյանցից տարբերվող հարցեր բարձրացնել:

Հայաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, նշում է` Արա Այվազյանը առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը՝ «շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»: Ըստ Հայաստանի արտգործնախարարության, կողմերը նաև մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ, Այվազյանն էլ կրկին պնդել է, որ «ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում»:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, մինչդեռ, որևէ ակնարկ չկա բանակցությունների շարունակման, կամ էլ` հայկական կողմի մտահոգությունների վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն, որը պատերազմի ավարտից հետո շարունակ պնդում է, թե հակամարտությունը կարգավորված է, և նման խնդիր այլևս գոյություն չունի, երեկվա հեռախոսազրույցի մասին միայն մի քանի տող է հաղորդում։ Ըստ այդմ՝ «Ջեյհուն Բայրամովը միջնորդների հետ քննարկել է տարածաշրջանի ներկայիս իրադրությունը, այդ թվում` նոյեմբերի [լույս] 10-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կատարումը: Ընդգծվել է վստահության վերականգնման և խաղաղ համակեցության կարևորությունը` տարածաշրջանի տևական խաղաղությանը հասնելու համար»: Թե ինչ քայլերով և երբ՝ պաշտոնական Բաքուն չի հստակեցնում:

Ի դեպ, անցած ամսվա վերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե համանախագահները նախատեսում են մեկնել Ղարաբաղ և այժմ համաձայնեցնում են այս հարցը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Հայտարարությունից անցել են շաբաթներ, սակայն մինչ օրս հստակ չէ` երբ և ինչ ձևաչափով են միջնորդները ծրագրում իրենց այցը Ղարաբաղ, որը կլինի առաջինը 44- օրյա պատերազմից ու ռուս խաղաղապահների տեղակայումից ի վեր։

XS
SM
MD
LG