Մատչելիության հղումներ

Փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ գումարներ հափշտակելու մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կոմիտեն նշում է, որ հարուցված քրեական գործով Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և խարդախության կատարման մեխանիզմը:

Ըստ հաղորդագրության, քննությամբ պարզվել է, որ երկու անձինք օգտվելով պատերազմի ընթացքում Արցախի բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից, Հայաստանի կառավարության կողմից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշին պատկանող գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախում փաստացի բնակվող և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից խարդախությամբ հափշտակել են տարբեր չափերի գումարներ:

Մասնավորապես, Քննչական կոմիտեն նշում է, որ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես Հայաստանի ոստիկանության աշխատակից՝ վստահեցնելով Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։

Նշված անձանցից, որպես կանխավճար, ըստ Քննչական կոմիտեի, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ՝ ներկայացնելով կանխավճարի վերաբերյալ կեղծ վճարային փաստաթղթեր, կեղծ անդորրագրեր, հատկացվելիք բնակարանի սեփականաշնորհման կեղծ վկայական՝ վստահեցնելով, որ սեղմ ժամկետում կիրականացվի բնակարանի հատկացումը։

Այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով հերթական հանդիպումների ժամանակ ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը, իսկ հաջորդող օրերին տարբեր պատճառաբանություններով խուսափել հետագա հանդիպումներից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, հայտնում է կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG