Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ փող հափշտակելու դեպք է բացահայտել․ կա ձերբակալված


Ոստիկանությունը հաղորդում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող Արցախի երեք քաղաքացու, ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական, փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և1000 դոլար։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, տղամարդիկ, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել․ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ոստիկանությունը կոչով դիմել է Արցախից տարհանվածներին․ - «Վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG