Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին, գնդապետը ձերբակալվել է


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով Զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975 հազար 340 դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490 հազար դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 234 հազար 350 դրամին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987 հազար 470 դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը:

Նույն անձը, ինչպես նշում է ծառայությունը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն 244 հազար 200 դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը:

Հիշյալ պաշտոնատար անձն իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ մեկ այլ ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի հունվարի 6-ին վերջինիս հորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 1 միլիոն դրամ գումար կաշառք, որը 2021 թվականի հունվարի 7-ին և 8-ին համապատասխանաբար 350 հազար դրամ և 650 հազար դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

ԱԱԾ-ն նշում է, որ նշված անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով. վերջինս պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Հ.Ա.-ի օգտին գործողության, այն է՝ զինվորական հոսպիտալում աշխատանքի ընդունելու հարցն իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով լուծելու, ինչպես նաև նրան սպայական կոչում շնորհելուն նպաստելու համար անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 389 հազար 850 դրամ կաշառք:

Ծառայության փոխանցմամբ, միևնույն ժամանակ նախաքննական մարմնի տրամադրության տակ կան բավարար փաստական տվյալներ, որ բացի կաշառք ստանալու՝ վերը նշված դեպքերից առկա են նաև նույն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման այլ դեպքեր:

Մասնավորապես. պաշտոնատար անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում գտնվող իր ծանոթ զորահավաքային զինծառայողին Երևան վերադարձնելու նպատակով, իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զինծառայողի հրամանատարության միջոցով կազմակերպել է վերջինիս վերադարձը Երևան, որն էական վնաս է պատճառել տվյալ զինվորական ստորաբաժանման ծառայության իրականացմանը և դրա առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանման մարտական հաշվարկը, որից հետո պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ նույն զինծառայողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս հետագա ծառայությունը Սյունիքի մարզում տեղակայված, մարտական ծառայություն չիրականացնող թիկունքային աշխատանքներ կատարելու համար նախատեսված զորամասում կազմակերպելու համար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին վերջինիցս անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 300 հազար դրամ գումար կաշառք:

Այս ամենով հանդերձ, տվյալ անձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ընկերոջ խնդրանքով, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով 2020 թվականի հոկտեմբերի 13-ին իրեն ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Արցախում տեղակայված զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան քաղաք, ապա տեղեկանալով, որ տվյալ զորամասում զինծառայողն ընդգրկվել է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որպեսզի վերջինս չեղարկի զորահավաքային զինծառայողի փախուստը և նրան նշանակի նույն զորամասի թիկունքային համապատասխան ծառայություններում, ինչը կատարվել է:

Այնուհետև նա տեղեկանալով իր ծանոթների որդիներին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկված ծանուցագրի և դրա հիմքով նրանց զորահավաքային զինվորական ծառայության կանչելու մասին՝ միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձանց նշված զորակոչիկներին հանել զորակոչիկների ցուցակից, որի հետևանքով խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը:

Ավելին, այդ անձին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է իր ծանոթը և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լուսակերտում տեղակայված զորամասում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն չուղարկեն առաջնագիծ: Պաշտոնատար անձը նշված զորամասի սպայից տեղեկանալով, որ նշված զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա և նա հաստատապես առաջնագիծ չի տեղափոխվելու, խաբեության եղանակով գումար հափշտակելու նպատակով, նշված հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է չգալի չափերի՝ 200 հազար դրամ գումար:

ԱԱԾ-ն նշում է, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել նաև նույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ:

Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:

Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ինչպես ծառայությունն է նշում, հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր:

«Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG