Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը ձևավորվել են


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Արդեն իսկ ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը, «Ազատությանն» այսօր հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Գործելու է երկու ենթախումբ։

«Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության փորձագետները։ Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ»,- ասված է հաղորդագրությունում:

Փոխվարչապետի գրասենյակը այլ տեղեկություն չի հայտնել։

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Նախատեսված է, որ այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանա մինչև փետրվարի 5-ը։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը, 3-ը փետրվարի, 2021թ.
Տնտեսագետ Կարեն Սարգսյանը, 3-ը փետրվարի, 2021թ.

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով` հատկապես երկաթուղային կապի վերականգնումը Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ, անշուշտ, դրական ազդեցություն կթողնի հայաստանյան տնտեսության վրա, որը անցած տարի ունեցավ գրեթե ութ տոկոսանոց անկում, սակայն պետք է նկատի ունենալ, որ կարող են նաև լինել մարտահրավերներ. «Եթե մենք չունենք մեր տնտեսության համար մշակված հստակ տնտեսական անվտանգության ռազմավարություն, ապա շատ հնարավոր է, որ ասենք դրսի հարևան պետությունների ապրանքներով Հայաստանը կողողվի էժան ապրանքներով, և ներքին արտադրությունը տուժելու է միանշանակ, այսինքն` այստեղ պետք է խոսքը գնա հայկական ապրանքների նաև մրցունակության բարձրացման հետևողական քաղաքականության մասին, որպեսզի մեր ապրանքը մրցունակ լինի, և նաև արտահանման հետ կապված, նաև ներքին շուկայում, այսինքն` պետք է կարողանա ճիշտ մրցակցային պայմաններում մրցակցել հարևան պետությունների ապրանքների հետ»:

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի առևտրային առաջին հինգ գործընկեր-երկրներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, Իրանը և Գերմանիան։ Մոսկվայի հետ Երևանի առևտուրը կազմել է նշված ժամանակահատվածում Հայաստանի ողջ արտաքին առևտրի 30.6 տոկոսը կամ 1 միլիարդ 942 միլիոն դոլար, իսկ Իրանի չափաբաժինը 5.7 տոկոս է կամ ավելի քան 360 միլիոն դոլար։

Դարձյալ Վիճկոմի տվյալների համաձայն` 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանված, ներկրված և ներհանրապետական նշանակության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 13 միլիոն 523 հազար տոննա, որից ավտոմոբիլային եղանակով 8 միլիոն 921 հազար տոննան է, երկաթուղով՝ 2 միլիոն 955 հազարը, խողովակաշարով՝ 1 միլիոն 632 հազարը և օդային եղանակով 68.4 հազար տոննան։ Գերակշիռ մասը՝ 65.9 տոկոսն իրականացվել է ավտոմոբիլային եղանակով, երկաթուղով՝ 21.8 տոկոսը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, 2-ը փետրվարի,2021թ.
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, 2-ը փետրվարի,2021թ.

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները լիահույս են, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա։ Նման կարծիք վերջին անգամ հրապարակավ արտահայտեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ լրագորղների հետ հանդիպմանը։ Թեև նա զերծ մնաց թվային տվյալներ ներկայացնելուց. «Բոլորի ակնկալիքն այն է, որ տնտեսական ազդեցությունը լինելու է դրական, բայց այս պահի դրությամբ, որ մենք ասենք, որ կոնկրետ վերլուծել ենք, թե տրանսպորտային ծախսերի նվազեցումն ինչ ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա, արտահանման վրա, չունենք: Թվեր չեմ կարող նշել այս առումով, որովհետև վերլուծություն չունենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG