Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը մոտ օրերս հանդիպելու են


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են։ Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

Այլ տեղեկություն գրասենյակը չի հայտնել։

Ռուսական РБК-ն, հղում կատարելով Ռուսաստանի ու Հայաստանի կառավարություններում իր աղբյուրներին, ժամեր առաջ գրեց, թե վաղը՝ հունվարի 27-ին, Մոսկվայում հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը՝ քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների կառուցումը։

Ըստ լրատվամիջոցի, փոխվարչապետերը քննարկելու են մի քանի նախագծեր, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող ու Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու կառուցումը, որի միջոցով, իր հերթին, Հայաստանը կկարողանա կապվել Ռուսաստանի հետ։ РБК-ի փոխանցմամբ, Ադրբեջանն իր տարածքում արդեն իսկ սկսել է երկաթուղու կառուցումը։ Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ անցած ամսվա վերջին արած հայտարարությունը, թե առավելագույնը երկու տարվա ընթացքում Բաքուն կկարողանա կառուցել Հորադիզը Զանգելանի հետ կապող երկաթուղին։

Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկությամբ, Ադրբեջանը նաև ցանկանում է դեպի Նախիջևան ընթացող ավտոմայրուղի կառուցել։

2008 թվականի նախագահական ընտրություններից ընդամենը օրեր առաջ Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ամբողջովին պետական Российские железные дороги ընկերությանը։ Այդ ժամկետը, ի դեպ, կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

«Հարավկովկասյան երկաթուղու» լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված երեք երկրների փոխվարչապետերի հանդիպմանը։

Արդյո՞ք «Հարավկովկասյան երկաթուղին» մասնակցելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքներին, որից հետո Ադրբեջանի տարածքով կկարողանա փոխադրումներ իրականացնել Հայաստանից դեպի Ռուսաստան ու Իրան, և արդյո՞ք հայ-ադրբեջանական երկաթուղային հաղորդակցությունը բացվելու է միայն հարավայի՞ն՝ Հորադիզ-Մեղրի-Նախիջևան, թե՞ նաև հյուսիսային Իջևան-Աղստաֆա ուղղությամբ, ընկերության լրատվական ծառայությունից արձագանքեցին, որ տեղյակ չեն։

Հիշեցնենք, երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի երեք պետությունների փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը կհանդիպի մինչև սույն թվականի հունվարի 30-ը, կկազմեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ, կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր, և մինչև այս տարվա մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։

Ի դեպ, Ադրբեջանի 55-ամյա փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ըստ «Սիվիլնեթի», ծնվել է Հայաստանի Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 հայկական միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթությունը ստացել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկումը ինչ հնարավորություններ և ռիսկեր կարող է ստեղծել Հայաստանի համար՝ հիշեցնելով, որ շուրջ երեսուն տարի հայկական կողմը շարունակաբար խոսել է շրջափակման բացասական հետևանքներից։

Ըստ Խաչատրյանի, բաց ճանապարհները կմեծացնեն Հայաստանի դերը տարածաշրջանային զարգացումներում․ - «Ընթացքում, երբ որ ի վերջո վերջնականապես որոշումը կայացվի և սկսվի այդ ապաշրջափակման գործընթացը, գործարարների մոտ հաստատ նոր հնարավորություններ, նոր գաղափարներ կառաջանան, և որով էլ ամբողջական գնահատականը կարող ենք տալ։ Միանշանակ է, որ պետք է ապաշրջափակվեն այսօրվա փակված ճանապարհները, և էդտեղ ռիսկերը կայանալու են նրանում, թե մենք ինչքանով կարող ենք օգտագործել այդ ճանապարհների հնարավորությունները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG