Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի համոզմամբ, աշխարհի որևէ ժողովուրդ չի հասկանա այն պետությանը, ով ապաշրջափակմանը դեմ է


Աշխարհի որևէ ժողովուրդ չի հասկանա այն պետությանը, ով ապաշրջափակմանը դեմ է, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն»․ - Պարոն Սարգսյան, օրերս վարչապետի հետ հանդիպմանը քննարկել եք նաև տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին այդ հայտնի հայտարարությունը, Դուք այն կանվանեի՞ք հայկական կողմի համար նպաստավոր։

Արամ Սարգսյան․ - Հենց նույն այդ բանակցությունների ժամանակ, որ ասում են՝ «դուռը շրխկացնեիք, ասեիք՝ համաձայն չեմ», հիմա պատկերացրեք, որ աշխարհը նայում է, որ Մոսկվայում բանակցություններ են գնում ու խնդիր է դրվում տարածաշրջանն ապաշրջափակելու, միմյանց հանդեպ վստահություն խնդիրներ դնելու, խնդիր է դրվում առևտրային և տնտեսական հնարավորությունները մեծացնելու և Հայաստանն ասում է՝ չէ, «ես դրան համաձայն չեմ։ Մինչև գերիների հարցը չլուծեք, ես այդ հարցերին չեմ անդրադառնա»։ Այն դեպքում, որ Հայաստանը տասնամյակներով ամբողջ աշխարհով բողոքել է, որ Թուրքիան շրջափակել է, փակել է իր ճանապարհը, Ադրբեջանը շրջափակել է, փակել է իր ճանապարհը ու ինքը տեսականորեն փակ սահմանների մեջ է ապրում։ Երկրորդ՝ աշխարհի որևէ ժողովուրդ չի հասկանա այն պետությանը, ով ապաշրջափակմանը դեմ է։ Կա՞ ժողովուրդ, որ ուզում է լրիվ փակ ապրել՝ փակ սահմաններով։ Բնականաբար մենք համարում ենք, որ մենք աշխարհի լավագույն առևտրականներն ենք, ու իսկապես մենք լավ առևտրականներ ենք, հայերը լավ արհեստավորներ են, լավ առևտրականներ են, էդ դեպքում ինչո՞ւ ենք վախենում այդ ապաշրջափակումից։

«Ազատություն»․ - Օրինակ, որ գնացքը տեղ չի հասնի, դա են ասում։

Արամ Սարգսյան․ - Գիտեք, նախ գնացքների առումով․ ինձ համար անհասկանալի է որոշ այն տնտեսվարողների մտահոգությունները, որոնք, իմ կարծիքով, նախկին սովետական տրամաբանության մեջ են մնացել։ Խոսքս ապրանքափոխադրումների մասին է և ոչ թե մարդկանց։ Ապրանքափոխադրումները երկաթգծով ամենահուսալին են, և եթե մինչև 300 կիլոմետր տարածք մեքենայով դրական է, դրանից ավելին ձեռնտուն երկաթգծով է՝ առավել ևս մեծ քանակներինը։ Բնականաբար Ստամբուլ-Մոսկվա այդ տարածությունը երկար է՝ 300 կիլոմետրից ավելին է, և Ռուսաստանը նույն կերպ, նույնիսկ ավելի շահագրգռված է, որ այդ երկաթգիծն աշխատի, որովհետև եթե Թբիլիսի-Բաքու- Էրզրում էդ ուղով է, էդ շատ ավելի դժվար է, ծանր է ու թանկ է, քան, եթե մտնում է Նախիջևանով, մտնում է Սյունիքով դուրս է գալիս գնում է Ադրբեջան ասենք՝ Հորադիզով։ Այս ճանապարհը շատ ավելի կարճ է։

Ռուսաստան ու Թուրքիա ապրանքաշրջանառությունը տասնյակ միլիարդների է սկսած գյուղմթերքներից, վերջացրած տրիկոտաժով, վերջացրած արտադրական նյութերով, գործիքաշինությամբ և այլնով, էս ոլորտները հիմնականում երկաթգծով տեղափոխվող են, հետևաբար մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահը Թուրքիայից ավելի շահագրգռված է, որ Ռուսաստան-Թուրքիա ճանապարհը նախ շրջանցի Վրաստանը, երկրորդ՝ չխանգարի Իրանին, ընդհակառակը Իրանն էլ է այստեղ մտնում, ես մի օրինակ բերեմ՝ Հայաստանը տարեկան 400 հազար տոննա պղնձի խտանյութ է տեղափոխում, թե ինչ ճանապարհներով, քանի տեղ թափել բարձելով, չմանրամասնեմ, ու ինչքան է կորցնում ճանապարհների վրա, էս դեպքում ուղղակի Կապանից ու Քաջարանից բարձվելու են վագոնները ու միանգամից վագոններով մտնի Իրանի սահման ու գնա գործարաններ՝ չինական գործարաններ, կամ հնդկական գործարաններ, կամ նույնիսկ Եվրոպա։

Լարսն անընդհատ փակ է․ ձմեռն եկավ, Լարսը փակվում է, ապրանքափոխադրումը կանգնում է, մեր վալյուտայի կուրսը սկսում է ընկնել, Նոր տարուց հետո միշտ դոլարի կուրսը բարձրացել է Հայաստանում, ինչո՞ւ, որովհետև վալյուտայի մուտք չկա, ճանապարհով արտահանման հնարավորությունը չունենք, երկաթգծի այլ հնարավորություն չունենք։

Հիմա պատկերացրեք Դուք արտադրում եք բաժակ, էդ բաժակը տալիս եք «Ռուսական երկաթուղիներ» կազմակերպությանը, որն էսօրվա մեր հայկական երկաթուղիների շահագործողն է, իրան տալուց հետո, էդ բեռի պատասխանատուն ինքն է, էդ բեռը մտնում է Նախիջևան, հետո Հայաստան, հետո մտնում է Ադրբեջան, հետո գնում է Ռուսաստան, դրան ի՞նչ է լինելու, ո՞վ է, ինչ անելու էդ բաժակին, կամ ինչ էլ որ անեն, դրա պատասխանատուն փոխադրողն է, փոխադրողը փոխհատուցելու է, այստեղ որևէ վտանգի խնդիր չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG