Մատչելիության հղումներ

Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակումը դրական կազդի տնտեսության վրա, վստահ է ԿԲ-ն  


Լուսանկարում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն է, փետրվարի 2, 2021թ.
Լուսանկարում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն է, փետրվարի 2, 2021թ.

Հայաստան-Ադրբեջան երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Այդուհանդերձ, Գալստյանը զերծ մնաց թվային տվյալներ ներկայացնելուց. «Բոլորի ակնկալիքն այն է, որ տնտեսական ազդեցությունը լինելու է դրական, բայց այս պահի դրությամբ, որ մենք ասենք, որ կոնկրետ վերլուծել ենք, թե տրանսպորտային ծախսերի նվազեցումն ինչ ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա, արտահանման վրա, չունենք: Թվեր չեմ կարող նշել այս առումով, որովհետև վերլուծություն չունենք»:

Մոսկվայում հունվարի 30-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում, ինչպես հայտնի է, որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Նախատեսված է, որ այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանա մինչև փետրվարի 5-ը։

2021թ. տնտեսությունը կաճի մոտ 2 տոկոս

Անցած շաբաթ նաև հայտնի դարձավ, որ 2020թ.-ին` 2019թ.-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 7,5 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի` ամենից շատ անկում գրանցած ուղղություններն են ներմուծումը, ուր կրճատումը կազմել է 17.7 տոկոս, և ծառայությունների ոլորտը՝ (առանց առևտրի)՝ 14.7 տոկոս։

Մարտին Գալստյանն այսօր նշեց, թե Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ անցած տարի Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել 7.8 տոկոսով, իսկ այս տարի սպասվող աճը կկազմի մոտ 2 տոկոս՝ կառավարության կանխատեսած 3.2 տոկոսի փոխարեն. «Նախկինում մեր կանխատեսումները եղել են 7.2 տոկոս 20 թվականի համար անկում տնտեսական, այս պահի դրությամբ 7.8 տոկոս ենք ակնկալում: 21 թվականի համար ես խոստանում եմ մյուս հանդիպման ընթացքում ձեզ ներկայացնել մեր կանխատեսումների թվերը, նախնական թվերը, որ ունենք, 2 տոկոսի շրջանակներում է»:

Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի եվրաբոնդեր

Կենտրոնական բանկի նախագահը հաստատեց շրջանառվող տեղեկությունը՝ Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրաբոնդեր։

2020թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 968.5 միլիոն դոլար, կամ մեկ տարվա ընթացքում այդ պարտքը ավելացել է 647.2 միլիոն դոլարով. «Պահանջարկը շատ մեծ է եղել, այդքան մեծ պահանջարկ ոչ մի անգամ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ չի եղել: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ու ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, որ իրենք նայում են` որտեղ կարելի է ներդրում անել, ու ծավալը 500 միլիոնից պակաս չի իրականացվում, այլ արվում է 500 միլիոնից ավելի, որ մեր պարտատոմսերը ևս մտնեն որոշակի ինդեքսների մեջ, որոնք այդ ներդրողների տեսանյունից հետաքրքրություն են ներկայացնում: Տասը տարանոց թղթեր ԱՄՆ-ի դոլարով` 3.875 տոկոս եկամտաբերությամբ»:

«Ազատության» հարցին, թե նախորդն ի՞նչ եկամտաբերություն ուներ, Գալստյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, ինքը հաստատ 4-ից բարձր էր, բայց տոկոսը չեմ կարող ասել այդպես հստակ»:

Գալստյանը լրագրողներին հյուրընկալել էր հայտնելու, որ այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5 տոկոս։ Պատճառը գնաճն է։ Ըստ գլխավոր դրամատան` 2020թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է՝ տարեվերջին կազմելով 3.7 տոկոս։

XS
SM
MD
LG