Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է դառնալ Կովկասի դարպասը. Մխջյան 


Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյան

Հայաստան - Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկումը, որը Երևանի համար դեպի Ռուսաստան ու Իրան ճանապարհ կբացի, այնուհետև հայ-թուրքական սահմանի ակնկալվող վերաբացումը Հայաստանը կարող են դարձնել Կովկասի դարպաս, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը։

«Այսինքն՝ մենք Հայաստանը պետք է դարձնենք տարանցիկ ճանապարհ։ Տեսեք, այսօր առաջին հերթին ամենաարագը տեղի է ունենալու ավտոմեքենաների տարանցիկ ճանապարհը։ Բեռնատարները, որոնք դուրս են գալիս Թուրքիայից և ուղղվում են դեպի ԵԱՏՄ երկրներ, հիմնականում դեպի Ռուսաստան։ Տասնյակ հազարավոր ամսեկան մեքենաներ ա ուղղվում դեպի ԱՏՄ տարածք Վրաստանի ճանապարհով»։

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտ չորս ժամ տևած հանդիպման արդյունքում ստորագրվեց եռակողմ նոր հայտարարություն, որով նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքային խումբ ձևավորել, որն էլ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը։

Պայմանավորվածության իրագործումից հետո Հայաստանը փաստորեն կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային ու ավտոճանապարհային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով, Նախիջևանի, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ։

Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ սկսված արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կողմից արգելափակվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները։ Պատերազմից հետո ապամոնտաժվեց Մեղրիից դեպի Հորադիզ Արաքսի ափով ընկած երկաթգիծը։

Մխջյանի խոսքով, հաղորդակցական ուղիների վերականգնումը և տարանցիկ երկիր դառնալը Հայաստանին կարող է տնտեսական օգուտներ բերել։ Մյուս կողմից, ըստ գործարարի, հատկապես երկաթուղային բեռնափոխադրումների վերսկսումը շոշափելի աջակցություն կլինի հայաստանյան տնտեսությանը, որի համար համեմատաբար թանկ բեռնափոխադրումները նախորդ երեսուն տարիներին միշտ մրցակցային դժվարություններ են ստեղծել, օրինակ, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսությունների հետ համեմատած։

«Այսօր գոյություն ունեն համաշխարհային լոգիստիկ ընկերությունները, համաշխարհային ապահովագրական ընկերություններ։ Մենք կարող ենք մեր բեռները ապահովագրել և առանց վախենալու Ադրբեջանի միջոցով ուղարկել։ Որտե՞ղ է խնդիրը։ Ես խնդիր չեմ տեսնում։ Եթե մենք գրագետ ձևով, պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով էս ամեն ինչը կազմակերպենք, շատ հանգիստ կարող ենք անցնել։ Ինչու ուրիշ մեքենաներ չե՞ն անցնում այսօր Ադրբեջանի միջոցով»։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, 2020թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանված, ներկրված և ներհանրապետական նշանակության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 12 միլիոն 271,5 հազար տոննա, որից ավտոմոբիլային եղանակով 8 միլիոն 86,8 հազար տոննան է, երկաթուղով՝ 2 միլիոն 708,2 հազարը, խողովակաշարով՝ 1 միլիոն 463,1 հազարը և օդային եղանակով 13,4 հազար տոննան։ Գերակշիռ մասը՝ 65,8 տոկոսը իրականացվել է ավտոմոբիլային եղանակով, երկաթուղով՝ 22 տոկոսը։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, հատկապես երկաթուղային կապը Ռուսաստանի և Իրանի տարածքով Պարսից ծոցի հետ 2020-ին անկում գրանցած հայաստանյան տնտեսության համար լավ հնարավորություններ է բացում՝ ներառյալ ներդրումներ ներգրավելու իմաստով․ - «Մենք ստիպված, երկու կողմից փակ սահման ունենալով, օգտագործել ենք այն ճանապարհները, որոնք նախկինում, խորհրդային տարիներին երբևիցե չենք էլ օգտագործել և որոնք տնտեսապես ձեռնտու չեն եղել։ Այն, ինչ առաջարկում է ապաշրջափակենք, տրանսպորտային նախկին գործող հնարավորությունները վերականգնել, միայն դրանք կարող են ազդել մեր տնտեսության վրա։ Դուք հիշեք նաև մյուս ճանապարհը, որ փակ է։ Ես ի նկատի ունեմ դեպի Ղարս ճանապարհը»։«Ազատությունը» դիմեց նաև Էկոնոմիկայի նախարարություն՝ արձագանք ստանալու նպատակով, սակայն գործարար Վահան Քերոբյանի կողմից մոտ ամիսուկես առաջ գլխավորած գերատեսչությունը ողջ օրվա ընթացքում լուռ մնաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG